Քիմ Քարդաշյանը «վճռորոշ» ընտանեկան հանգստից հետո Լոս Անջելես է վերադարձել առանց Քանյե Ուեսթի

Ամերիկյան Keeping Up With the Kardashians ռեալիթի շոուի ամերիկահայ աստղ Քիմ Քարդաշյանն ամուսնու՝ ռեփեր, դիզայներ Քանյե Ուեսթի հետ իրենց ամուսնությունը փրկելու նպատակով Դոմինիկյան Հանրապետությունում անցկացրած ընտանեկան հանգստից հետո Լոս Անջելես է վերադարձել առանց ամուսնու, գրում է People ամսագիրը։

Աղբյուրի հաղորդմամբ՝ Քանյե Ուեսթը շարունակում է մնալ Վայոմինգի իրենց ռանչոյում՝ հաստատելով այն ենթադրությունը, որ զույգն առանձին կյանք է վարում։

Հաղորդվում է, որ զույգի չորս երեխաները գտնվում են 39-ամյա Քիմի հոգածության ներքո, իսկ Քանյեն ապրում է Վայոմինգում, քանի որ դա «այն վայրն է, որտեղ նա ցանկանում է ապրել»։

«Քիմը դեռ կենտրոնացած է իր ամուսնությունը փրկելու վրա։ Նա բավականին հանգիստ է վերաբերվում իր ապագայի ծրագրերին, բայց հիմա նա կարծես թե համաձայն է, որ Քանյեն Վայոմինգում ապրի»,- ամսագրին հայտնել է իրապատում շոուի աստղին մոտ աղբյուրը։

Հիշեցնենք, որ Քիմ Քարդաշյանի ու ամուսնու հարաբերությունները սրվել էին Քանյե Ուեսթի՝ Հարավային Կարոլինա նահանգում աջակիցների հետ անցկացրած նախընտրական հանրահավաքի ընթացքում արած բազմաթիվ սկանդալային հայտարարություններից հետո։