Աշխարհի ամենահարուստ մարդու կարողությունը պատմական ռեկորդային ցուցանիշի է հասել

Առցանց վաճառք իրականացնող ամերիկյան Amazon ընկերության ղեկավար Ջեֆ Բեզոսի կարողությունը պատմական ռեկորդային ցուցանիշի է հասել:

Ինչպես երևում է Forbes-ի՝ իրական ժամանակում թարմացվող վարկանշային ցուցակից, գործարարի ունեցվածքը մեկ օրում ավելացել է 7,2 մլրդ դոլարով: Դա տեղի է ունեցել ընկերության բաժնետոմսերի գնաճի արդյունքում: Այժմ աշխարհի ամենահարուստ մարդու կարողությունը գնահատվում է 197,8 մլրդ դոլար:

Ամսագրի տվյալներով՝ դա ամենաբարձր ցուցանիշն է, որը երբևէ արձանագրվել է Forbes-ի գրանցումներում, որոնք վարվում են 40 տարի:

Նախօրեին Amazon-ի բաժնետոմսերի գինը բարձրացել է 4.09 տոկոսով. մեկ բաժնետոմսի գինը կազմել է 3312.49 դոլար: Բեզոսին է պատկանում ընկերության բաժնեմասի 11,1 տոկոսը:

Բացի այդ, Բեզոսին է պատկանում նաև The Washington Post թերթը և Blue Origin օդատիեզերական ընկերությունը, որը հրթիռներ է ստեղծում կոմերցիոն օգտագործման նպատակով: