Երգչուհի Բիլլի Այլիշը դեմոկրատականների համագումարում քննադատել է Թրամփին

Ամերիկացի երգչուհի Բիլլի Այլիշը նոր երգով է հանդես եկել Դեմոկրատական կուսակցության համագումարում և քննադատել է նախագահ Դոնալդ Թրամփին: Այդ մասին հաղորդում է foxnews -ը:

Կորոնավիրուսով պայմանավորված՝ համագումարը անցկացվել է գրեթե ամբողջությամբ վիրտուալ ձևաչափով: «Դոնալդ Թրամփը քանդում է մեր երկիրը և այն ամենը, ինչ թանկ է մեզ համար: Մենք կարիք ունենք առաջնորդների, որոնք կլուծեն խնդիրները, ինչպիսիք են կլիմայի փոփոխություններն ու COVID-ը, այլ ոչ թե կհերքեն դրանք»,- հայտարարել է Այլիշը:

Նրա խոսքով՝ ամերիկացի նախագահը չի կարգավորել նաև ռասիզմի և անհավասարության խնդիրները: Երգչուհին ամերիկացիներին կոչ է արել քվեարկել այնպես, կարծես դրանից է կախված աշխարհի ճակատագիրը:

Դրանից հետո արտիստը կատարել է «Իմ ապագան» ստեղծագործությունը:

Նույն օրը Թրամփը հայտարարել է, որ իրեն նախորդած Բարաք Օբաման և նրա հետ աշխատած փոխնախագահ Ջո Բայդենը չեն կատարել պարտականությունները և իրեն «մղձավանջային ժառանգություն» են թողել:

Օգոստոսի 18-ին Բայդենը Դեմոկրատական կուսակցության կողմից պաշտոնապես հաստատվել  է որպես նախագահի թեկնածու: