«Գարդենիա»․ Չորս գեղեցիկ կին մեկ բեմում․ ներկայացում բաց երկնքի տակ

Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնում կայացավ սպասված պրեմիերա: Հանդիսատեսի դատին հանձնվեց «Գարդենիա»՝ ըստ լեհ երիտասարդ դրամատուրգ Էլջիբեթա Հովանեցի համանուն պիեսի (թարգմանությունը՝ Իրինա Ադելգեյմի) ներկայացումը, որի բեմադրիչը Գոռ Մարգարյանն է: Եվ այս ներկայացումը տարբերվեց հազարավորներից, քանի որ բեմադրվեց բաց երկնքի տակ։

«Ներկայացումը ստեղծվեց այնպես, ինչպես ավանդաբար ստեղծվում են մյուս բոլոր ներկայացումները։ Հրավեր ստացա Ստանիսլավսկու անվան դրամատիկական թատրոնից և սկսեցինք աշխատանքները։ Ու հետաքրքիրն այն էր, որ ի սկզբանե բացօթյա ներկայացում անելը եղել է ոչ թե իրավիճակի պարտադրանքը, այլ այդ գաղափարը ծնվել է շատ ավելի վաղ։ Դեռևս փետրվար ամսին պատրաստ էր մեր ներկայացման մակետը, բեմանկարչությունը, ապա նաև որոշեցինք տեղը, այն է՝ թատրոնի հետևի բակը»,- պատմում է ներկայացման ռեժիսոր Գոռ Մարգարյանը։

Խոսելով փորձերի և այն դժվարությունների մասին, որոնց թիմը ստիպված է եղել բախվել այս ընթացքում՝ Գոռը պատմում է․ «Փորձերն իրականում բարդ էր իրականացնել դիմակով և ձեռնոցներով, բայց մենք ամեն կերպ աշխատում էինք դա հաղթահարել և ուշադրության չարժանացնել։ Իսկ հիմա մեզ համար դժվար է համակերպվել այն փաստի հետ, որ կատարված ահռելի աշխատանքը դիտելու և գնահատելու հնարավորություն ունեն սահմանափակ թվով մարդիկ»։

Ներկայացման մեջ խաղում են թատրոնի դերասաններ՝ ՀՀ վաստակավոր արտիստ Իռա Հարությունյանը, Ելենա Վարդանյանը, Հայարփի Զուռնաչյանը և Աննա Մանուչարյանը: Նկարչական ձևավորումն ու զգեստները Նելլի Բարսեղյանինն է, իսկ երաժշտական ձևավորումը` Գոռ Մարգարյանինը:

Ներկայացումը պատմում է չորս կանանց մասին, որոնք հայտնվել են նույն ընթացքի մեջ։ Չորսն էլ գեղեցիկ, չորսն էլ անանուն, ընդամենը համարակալված, չորսն էլ մտովի, ենթագիտակցաբար, նույնիսկ՝ անգիտակցաբար, փնտրում են իրենց սեփական ընտանիքի պատկերը՝ այդ փնտրտուքի ճանապարհին բացահայտելով իրենց ներսում քնած զգայական աշխարհը, որի ցուցադրումը ստեղծագործության հեղինակը կարողացել է հմտորեն պրոյեկտել կենցաղային խնդիրների ու ցանկությունների վրա։

Խոսելով կարանտինային պայմաններում աշխատելու բարդությունների և մշակութային ոլորտը ներկայացնող անձանց խնդիրների մասին՝ Գոռը ներկայացնում է իր փորձն ու տարբերակը․ «Հիմա գուցե մի փոքր մեծամիտ հնչի, բայց վստահաբար կարող եմ ասել, որ այդ «դադարը» ես չեմ էլ նկատել։ Այսինքն՝ ինձ մոտ դադար ես չեմ ֆիքսել։ Ցանկացած դադար՝ լինի դա կարանտինային սրացումներով պայմանավորված իրավիճակը, թե մեկ այլ բան, որը մեզ կխոչընդոտի դուրս գալ տանից, ես դա կօգտագործեմ մեկ այլ գործի համար։ Այդ պայմաններում ես կարող եմ տանը աշխատել՝ իմ գրական նյութի, ստեղծագործության, երաժշտության, բեմանկարչական նյութի կամ այլ բաների վրա։ Որ օրերին հնարավոր չի եղել փորձեր անել, ես զբաղված եմ եղել այլ տեխնիկական աշխատանքներով։ Այսինքն՝ դադար որպես այդպիսին ես որևիցե մեկ օր չեմ ունեցել։ Ու կարծում եմ՝ նմանատիպ դադարները միշտ ի շահ ստեղծագործողի են, քանի որ մարդը, սահմանափակումներից ու դժվար պայմաններից ելնելով, սկսում է ավելի ճկուն և կրեատիվ մտածել»։

Վերադառնալով ներկայացմանը՝ հավելենք նաև, որ այն նվիրված է Ալեքսանդր Գրիգորյանի հիշատակին: Օգոստոսի 20-ին նա կդառնար 84 տարեկան:

Բոլոր ներկայացումները կանցկացվեն բացօթյա՝ պահպանելով հակահամաճարակային կանոնները:

Հեղինակ՝ Լուս Ավագյան