Հայազգի աշխարհահռչակ ռոք երաժիշտ Սերժ Թանկյանը դարձավ 53 տարեկան

Աշխարհահռչակ երաժիշտ, System of a Dawn խմբի մենակատար Սերժ Թանկյանն այսօր նշում է ծննդյան 53-ամյակը։ Հատկանշական է, որ նրա կնոջ ծննդյան օրը նույնպես այսօր է՝ օգոստոսի 21-ին։
Սերժ Թանկյանը ոգեշնչման աղբյուր է հայ երիտասարդների համար։ Նա աշխարհին ներկայացնում է հայերին ու նրանց խնդիրները: Թանկյանը հասարակական ակտիվ գործունեություն է իրականացնում և հանդես է գալիս անարդարությունն ու դաժանությունը դատապարտող բազմաթիվ ելույթներով։

Բեյրությում ծնված երաժիշտը Լոս Անջելոսում սովորել է հայկական Rose and Alex Pilibosi դպրոցում, իսկ 1990-ական թվականների սկզբին հանդիպել է Տարոն Մալաքյանի հետ և որոշել նոր ռոք խումբ ստեղծել:
Թանկյանի ձայնագրման ստուդիան կոչվում է Serjical Strike: Նա SOAD-ի անդամների հետ կազմակերպել է բազմաթիվ բարեգործական արշավներ: Թանկյանը մեծ ջանքեր է գործադրել Հայոց ցեղասպանության ճանաչումը բարձրաձայնելու հարցում:

Սերժ Թանկյանը նաև Axis of Justice (Արդարության առանցք) հասարակական կազմակերպության հիմնադիրն է։ Այս կազմակերպության նպատակն է աջակցել երիտասարդներին՝ պաշտպանելու իրենց իրավունքները քաղաքականության ոլորտում:
Նշենք, որ Թանկյանը Տորոնտոյի միջազգային կինոփառատոնում ցուցադրված՝ Կարին Հովհաննիսյանի «Մենակ չեմ» հայկական հեղափոխության մասին ֆիլմի գլխավոր պրոդյուսերն ու սաունդթրեքի հեղինակն է: