«Պետք է խոստովանեմ, որ վախենում եմ հեռուստադիտողի արձագանքից»․ անկեղծանում է դերասանուհի Զառա Մինասյանը

Մոդել, դերասանուհի Զառա Մինասյանն այժմ նկարահանվում է նոր սիթքոմում։ Դերասանուհին, ի տարբերություն շատերի, կարանտինի ընթացքում տանը չի նստել և աշխատել է իր առաջին մասնագիտությամբ՝ որպես թարգմանչուհի։
ShowBiz.am-ի հետ զրույցում Զառան խոսել է իր ներկայիս զբաղվածության, հանգստի, նախընտրած դերերի մասին, ինչպես նաև անդրադարձել ճիշտ խնամքի և կազմվածքը պահպանելու գաղտնիքներին։

«Այժմ նկարահանվում եմ նոր սիթքոմում, բայց առայժմ չեմ կարող հստակ ինֆորմացիա տրամադրել նախագծից։ Այժմ միակ զբաղվածությունս դա է։ Ճիշտ է՝ մի քանի առաջարկներ ևս կան, բայց դրանք դեռևս քննարկման փուլում են գտնվում»,- պատմում է դերասանուհին։

Կարանտինի ամբողջ ընթացքում Զառան աշխատել է։ «Քանի որ ավարտել եմ Վ․ Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանը, հնարավորություն ունեմ աշխատելու նաև թարգմանչի մասնագիտությամբ։ Այնպես որ՝ իմ կարանտինը լրիվ աշխատանքային մթնոլորտում է անցել։ Ես շատերի նման ամբողջ օրս տանը չեմ անցկացրել, հանդիպել եմ նաև ընկերներիս ու մտերիմներիս հետ»,- կիսվում է երիտասարդ դերասանուհին։

Կարանտինը խոչընդոտ հանդիսացավ մի շարք ծրագրերի ու նախագծերի իրականացման համար, մոդելը ևս բողոքում է․ «Ծրագրերը կապված են եղել արտերկիր մեկնելու հետ։ Ընկերուհուս հետ միասին պլաններ ունեինք մեկնելու հանգստանալու, բայց իրավիճակը թույլ չտվեց։ Նկարահանումների խափանումներ ևս եղել են, այս մի քանի ամսվա ընթացքում ամեն բան կանգնած վիճակում էր»։

Իսկ ի՞նչ ամառ առանց հանգստի։ Բայց փաստորեն այդպես էլ է պատահում։ Սակայն ոմանք չեն հուսալքվել և իրենց հանգիստը հայաստանյան միջավայրում էլ են կարողացել կազմակերպել։ «Ճիշտն ասած, դեռ չեմ հասցրել հանգստանալ, քանի որ ճանապարհները փակ էին։ Սակայն այստեղ ևս փորձել եմ որոշ չափով կազմակերպել հանգիստս։ Ընկերներիս հետ այցելել ենք Սևան, Ծաղկաձոր։ Երևանում ևս հետաքրքիր հանգիստ ենք ունեցել։ Հանգստյան օրերին երեկոներն ավելի հագեցած դարձնելու համար հաճախ գնացել ենք ինչ-որ տեղ երաժշտություն լսելու, լիցքաթափվելու։ Սակայն պետք է նշեմ, որ սա իմ կյանքի ամենավատ ամառն է եղել»,- անկեղծանում է Զառա Մինասյանը։

Նոր նախագծերում նկարահանվելիս դերասանուհին իր պահանջներն ու կանոնները երբեք չի շրջանցում․ «Անպայման պետք է նշեմ, որ ես բաց տեսարաններում առհասարակ չեմ նկարահանվում։ Բացի այդ էլ, ի ուրախություն ինձ, այն բոլոր դերերը, որտեղ ինձ առաջարկել են նկարահանվել, եղել են դրական, հետաքրքիր կերպարներ։ Իսկ որ կերպարը ես չեմ հավանել, չեմ էլ փորձել ինձ այդ դերում։ Եթե ես այդ հերոսի մեջ ինձ չեմ տեսնում, նշանակում է, որ փորձելն էլ է անիմաստ, քանի որ հաստատ ոչինչ չի ստացվի։ Հավելեմ, որ այժմ մի նոր նախագիծ կա, որում հնարավոր է՝ ես ներկայանամ բացասական կերպարով։ Ուրախ կլինեմ, եթե ստացվի, քանի որ այդ կողմից էլ եմ ուզում ինձ բացահայտել։  Սրա հետ մեկտեղ պետք է խոստովանեմ, որ վախենում եմ նաև հեռուստադիտողի արձագանքից։ Նրանք սովորություն ունեն հերոսին ու դերասանին միմյանց հետ ասոցացնելու և նմանացնելու։ Բայց, իրոք, նոր բան եմ ուզում փորձել, այնպես որ տեսնենք, թե ինչ կստացվի։ Ամեն դեպքում կարելի է նաև ռիսկի գնալ»։

Գեղեցիկ ու խնամված տեսք ունենալու համար պարտադիր չէ մշտապես դիմել գեղեցկության սրահների օգնությանը, մանավանդ որ, ըստ Զառայի, ցանկացած կին էլ ունի խնամքի իր գաղտնիքները․ «Նշեմ, որ ես սովորել եմ կոսմետոլոգիա։ Ունեմ նաև մտերիմներ, ովքեր մասնագիտացած են գեղեցկության և խնամքի ոլորտում, և ամեն հարցում օգնում ու ճիշտ խորհուրդներ են տալիս ինձ։ Տան պայմաններում էլ դիմակների, տարբեր քսուքների միջոցով կարելի է մշտապես թարմ ու խնամված տեսք ունենալ»։

Իսկ վերջում անդրադառնալով իր կազմվածքին և այն միջոցներին, որոնք օգնում են դրա պահպանման հարցում՝ Զառան պատմում է․ «Ես քաշի հետ կապված երբևէ խնդիրներ չեմ ունեցել։ Ճիշտ է՝ անցած ամառվա ընթացքում ես նիհարել էի 10 կիլոգրամով, ինչը անհետևանք չէր մնացել, դրանից հետո բավականին վատացել էր ինքնազգացողությունս։ Բայց հետո սկսեցի նորմալ սնվել և կարգավորել քաշս։ Իսկ հիմա, քանի որ գրաֆիկս կրկին անկայուն է, չեմ հասցնում մարզասրահ հաճախել, բայց չորս տարի պարբերաբար այցելել եմ և հետևել կազմվածքիս։ Կարծում եմ՝ սեպտեմբերից կրկին կվերադառնամ իմ պարապմունքներին։ Իսկ հատուկ դիետաների երբեք չեմ հետևել։ Ընդամենը աշխատում եմ ճիշտ և չափավոր սնվել»։

Հեղինակ՝ Լուս Ավագյան