«Նրա միտքն ու սիրտը միշտ ճիշտ են կռահում ցակություններս». Ժակ Պապիկյանը՝ 41-ամյակի, հիշարժան նվերների ու ծննդյան խնջույքների մասին

Հայտնի հաղորդավար Ժակը՝ Հակոբ Պապիկյանը, օգոստոսի 26-ին նշում է իր 41-ամյակը։
Showbiz.am կայքի հետ զրույցում հաղորդավարը պատմում է, թե ինչ երազանք է պահելու տորթի մոմերը փչելիս, որն էր իր ամենաստացված ծննդնայն օրը և ով է մշտապես կռահում նրա բոլոր ցանկությունները։
«Ծննդյանս օրը մեկ կարև բան եմ խնդրելու՝ ոգևորություն: Ոգևորություն՝ ուժերս լրացնելու, ստեղծագործական գաղափարների իրագործման և առհասարակ, կյանքի համար»,-ասում է Ժակը:
Կարանտինի պատճառով արդեն մի քանի ամիս է, ինչ ոչ ոք չի կարողանում նշել իր ծննդայն օրնը, առավել ևս այն դարձնել հետաքրքիր ու հիշարժան։ Հաղորդավարը փորձում է մտաբերել, թե այսքան տարիների ընթացքում որն է եղել նրա ամենաստացված ծննդյան խնջույքն ու ինչու։
«Ամենահիշարժանը 25-ամյակս էր: Ամբողջ թաղամասով մեկ ուրախություն էր: Հավաքվել էին հարազատությունից սկսած մինչև ընկերներ ու հարևաններ: Ուրի՜շ տրամադրություն էր. բացատրելու չէ այն հրաշքը, որը երբեմն տեղի է ունենում մարդկանց հետ, նրանց շուրջը: Այդպիսի օրերը ապրում են հետդ՝ շատ թանկ գանձի պես, որ բացառապես քոնն են, ու ոչ ոք չի կարող այն վերցնել»,-ջերմությամբ հիշում է նա:
Պատմելով, թե ինչպես են ամեն տարի այս օրը շնորհավորում իրեն դուստրերը, Ժակն ասում է․ «Իմ երջանկությունն իմ աղջիկներն են: Այս տարի արդեն փոքր դուստրս էլ գիտակցված ու մեծ անհամբերությամբ է սպասում այդ օրվան: Մենակ «պապ, շնորհավո՜ր»-ն աշխարհ արժե»:
Ժակը նաև հիշում է, թե որոնք են իր՝ մինչ օրս ստացած ամենաինքնատիպ ու հիշարժան նվերները։

«Արտասովոր վերաբերմունք չունեմ և նվերներ ստանալ շատ եմ սիրում: Չգիտես ինչու, վառ տպավորվել են մանկական տարիքում քեռուս ընտանիքի կողմից ստացած միկրո մեքենան, որը կարելի էր վարել։ Եվ պատանեկան տարիներիս հորս նվիրած երաժշտական կենտրոնը»,– պատմում է նա:

Ժակը նաև խոստովանում է, որ լավագույն նվերները նա միշտ ստանում է իր սիրելիից, ով մշտապես կարողանում է ճշգրիտ գուշակել նրա բոլոր ցանկությունները։
«Արդեն, երբ իմ ընտանիքն ունեցա, ծննդյանս օրերի գլխավոր սցենարիստը դարձավ կինս: Նրա միտքն ու սիրտը միշտ ճիշտ են կռահում ցակություններս, և ընդհանրապես, նա ունակ է տոն ստեղծել նույնիսկ սովորական օրով: Օրհնված մարդ եմ, իմ շուրջը շատ սեր ու մաքրություն կա»,- կիսվում է հաղորդավարը:

Շատերը չեն սիրում իրենց ծննդյան օրը, քանզի կարծում են՝ այդ օրը նրանք, պարզապես, ծերանում են։ Բայց այստեղ նույնպես միշտ դրական Ժակը կարողանում է միայն լավ կողմը տեսնել, ու եզրափակելով իր խոսքը, նշում է, թե 41 տարեկանում ինչն է իր համար այդքան կարևոր․ «Սիրես թե չսիրես, տարիների պտույտն անկասելի է: Պետք է սովորենք այդ օրն ընկալել որպես կյանքի և ապրելու տոն: Հատկապես հաճելի է հարազատ մարդկանց վերաբերմունքն ու ուրախությունը: Արժևորված ու գնահատված լինելը մարդկանց ճնշող մեծամասնության համար չափազանց կարևոր է»:
Հեղինակ՝ Տաթևեր Լազարյան