ԱՄՆ Նյու Յորք նահանգի վաղաժամկետ ազատման հարցով հանձնաժողովը չորեքշաբթի 11-րդ անգամ մերժել է The Beatles խմբի անդամ Ջոն Լենոնին սպանած Մարկ Չեփմենի՝ բանտից ազատ արձակման խնդրանքը:
Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը՝ հղում անելով Նյու Յորքի քրեակատարողական վարչության մամլո քարտուղարին:
Մարկ Չեփմենը լեգենդար լիվերպուլյան քառյակի երգիչ Ջոն Լենոնին սպանել է 1980 թվականի դեկտեմբերի 8-ին: Հաջորդ տարի նա դատապարտվել է ցմահ ազատազրկման՝ 20 տարուց համաներման մասին դիմում ներկայացնելու իրավունքով:
Իր նախորդ դիմումներում Չեփմենը հայտարարել է, որ արդեն այն նույն մարդը չէ, որը սպանել է Լենոնին տասնամյակներ առաջ, որ փոխվել է և հոգևոր մարդ է դարձել:
Վաղաժամկետ ազատման հարցով հանձնաժողովի ներկայացուցիչները վերջինիս հետ հանդիպել և զրուցել են օգոստոսի 19-ին և իրենց որոշումը փոխելու որևէ հիմնավորում չեն գտել: