«Շատերը կարծում են՝ հաջողությանս գրավականը Մասկի պես օրական 20 ժամ աշխատելն է»․ Twitter-ի հիմնադիրը՝ մեդիտացիայի և իր ժամանակն ավելի օպտիմալ օգտագործելու մասին

Այն պատկերացումը, որ գործարարները հաջողության հասնելու համար պետք է ամբողջ գիշեր աշխատեն, կարծրատիպային և հնացած է, The Boardroom: Out of Office հեռուստառադիոծրագրի ժամանակ ասել է Twitter սոցիալական ցանցի համահիմնադիր և գլխավոր գործադիր տնօրեն Ջեք Դորսին։

«Ես նախընտրում եմ օպտիմալացնել ամեն ժամս՝ այն իմաստալից և նշանակալի դարձնելու համար»,- ասել է Դորսին։

43-ամյա միլիարդատերը բացատրել է, որ երբ մարդիկ կենտրոնանում են ամբողջ օրն աշխատելու վրա, ժամանակ չեն գտնում ինքնաճանաչման և ինքնակատարելագործման համար և դժվարանում են ուշադրություն դարձնել իրենց շրջապատող աշխարհին: Նրա խոսքով՝ ինքնաճանաչումն այն անձնական հատկանիշներից մեկն է, որին նա վերագրում է իր հսկայական հաջողությունը։

«Շատ մարդիկ կարծում են, որ հաջողությանս գրավականն օրական 20 ժամ աշխատելն ու չորս ժամ քնելն է, ինչպես Իլոն Մասկն է անում, ինչն անհեթեթություն է»,- ասել է Դորսին։

Միլիարդատերը պատմել է, որ իր առավոտը սկսվում է մեդիտացիայով, ապա մի բաժակ սուրճ է խմում և ոտքով աշխատանքի գնում՝ քայլելով մոտ 8 կմ, որի ընթացքում կա՛մ ինչ-որ հաղորդում է լսում, կա՛մ աուդիոգիրք։

«Ամենակարևոր բանը, որ առավոտյան անում եմ, մեդիտացիան է, ինչը նշանակում է՝ խաղաղեցնում եմ ուղեղս և որոշ ֆիզիկական վարժություններ անում»,- նշել է նա՝ հավելելով, որ ամեն օրվա ավարտին իրեն միևնույն հարցն է հղում՝ «ինչ եմ սովորել այսօր»։