Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ սահմանամերձ Տավուշի մարզի Բերդ քաղաքում «Բերդ» պարային անսամբլի բացօթյա մենահամերգով մեկնարկեց «Ֆրեսկո» արդի արվեստի և հոգևոր ֆիլմերի 7-րդ միջազգային փառատոնը, որն իրականացվում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի օրհնությամբ և աջակցությամբ, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության գլխավոր աջակցությամբ և Հայաստանյան Կլոր սեղան հիմնադրամի աջակցությամբ:
Փառատոնի երևանյան ծրագիրը մեկնարկեց օգոստոսի 24-ին և կշարունակվի մինչև սեպտեմբերի 1-ը հենց Երևանի սրտում՝ Աբովյան փողոցի Սբ. Աննա և Սբ. Կաթողիկե եկեղեցիների հարակից տարածքում: Ծրագրում ներառված են ֆիլմերի դիտում-քննարկումներ, համերգային ծրագրեր և առցանց հանդիպումներ: «Ֆրեսկո» 7-րդ միջազգային փառատոնի շրջանակներում վաղվանից կսկսվեն համերգային ծրագրերը: Օգոստոսի 28-ին տեղի կունենա Հայաստանի Պարի պետական անսամբլի մենահամերգը, 29-ին՝ Ռուբեն Հախվերդյանի 70 ամյակին նվիրված հոբելյանական համերգը, իսկ օգոստոսի 30-ին՝ Ջիվան Գասպարյանի կրտսերի և ընկերների մասնակցությամբ ծրագիրը: