«Նեմրա» ռոք խմբի մենակատար Վան Եղիազարյանը՝ 28-ամյակի, նվերներ չսիրելու և ամենաստացված ծննդյան տոնի մասին

Ճիշտ է, կարանտինային որոշ սահմանափակումներ թուլացել են, բայց միևնույն է, ծննդյան տոները հնարավոր չէ նախկինի պես ճոխ նշել՝ հրավիրելով բոլոր մտերիմներին ու ընկերներին։ Միգուցե դա է պատճառը, որ վերջին շրջանում հոբելյարների մեծ մասն այդքան էլ մեծ սպասումով ու ուրախությամբ չեն դիմավորում իրենց տարեդարձը։
Շատերի տխրության պատճառը կարանտինն է, մյուսները չեն ցանկանում մեծանալ, իսկ «Նեմրա» ռոք խմբի մենակատար Վան Եղիազարյանի տխրելու պատճառն այլ է։
Երգիչը Showbiz.am կայքի հետ զրույցում պատմում է, իր ծննդյան տոներին զգացած լարվածության, նվերներ չսիրելու և ամենաստացված ծննդյան խնջույքի մասին։

Վանը, ով այսօր՝ օգոստոսի 28-ին դառնում է 28 տարեկան, կիսվում է, թե սովորաբար ինչպես է անցնում իր տարեդարձն ու արդյո՞ք նա սիրում է իր ծննդյան օրը․ «Ես ոչ թե չեմ սիրում, այլ անկախ ինձնից թախծոտ տրամադրություն է առաջանում, իհարկե դա կապ չունի ծերանալու մասին մտքերի հետ, քանի որ ես այն կարծիքին եմ, որ ամեն տարիք իր հետաքրքրությունն ունի և մարդը ծեր է այն ժամանակ, երբ ուզում է ծեր լինել: Վատ տրամադրությունը կապված է լինում ավելորդ անհանգստության հետ, ավելորդ ուշադրության՝ սեփական անձի հանդեպ, հեռախոսազանգեր և այլն: Առանց այդ ամենի, իհարկե, ավելի տխուր կլինի, ու ամեն դեպքում սպասում ես արձագանքների, բայց միևնույնն է, ավելորդ լարվածություն է»:

Երազանքի մասին Վանը հրաժարվում է բարձրաձայնել․«Երազանքները չեն բարձրաձայնում չէ՞, իսկ ինքս ինձ մաղթելու եմ, որ երազանքներս կատարվեն»։
Արտիստը հիշում է, թե որն էր մինչ օրս իր ամենաստացված ծննդյան տոնը և ինչու․ «Երեխա ժամանակվա բոլոր ծննդյանս օրերը ստացված էին, ծնողներս միշտ էլ տոն են սարքել ինձ համար, բայց հիմա արդեն աստիճանաբար անհետաքրքիր է դառնում, ինչպես՝ Նոր Տարին: Բայց ամենակարևոր ծննդյանս օրը, երևի, 2013 թվականին էր, երբ Նեմրայով ունեցանք մեր առաջին մենահամերգը»:

Վանը նաև խոստովանում է, որ այդքան էլ չի սիրում նվերներ ստանալ, այնպես որ նա ամենևին էլ չի նեղանա, եթե նրա ընկերներն այս կարևոր օրվա կապակցությամբ նրան ոչինչ չնվիրեն։
«Նախընտրում եմ նվերներ չստանալ, որովհետև պարտավորված եմ զգում ես էլ պատասխան նվեր անել, իսկ ես, ոչ թե չեմ սիրում նվերներ անել, քանի որ ժլատ եմ, այլ, որովհետև, տանել չեմ կարողանում գնումներ կատարելու և ընտրելու պրոցեսը, և նաև շատ պատասխանատու պահ է, չգիտես՝ ինչքանով դուր կգա ու պետքական կլինի նվիրածդ դիմացինին»,-բացատրում է հոբելյարը։

Խոսելով ապագայի հետ կապված երազանքերի ու նպատակների մասին, երգիչը նշում է, որ դրանք բոլորը կապված են  «Նեմրա» -ի ու պանդեմիայի հետ։ «Նպատակներս խմբի հետ են կապված, հուսով եմ այս մղձավանջը շուտ կավարտվի և կսկսենք մեր համերգները, ձայնագրություններն ու շրջագայությունները»:Հիշեցնենք, որ վերջերս ռոք խումբը երեք տարվա սպասումից հետո երկրպագուներին ներկայացրեց իր «Հմմ…» սկավառակը, որի շնորհանդեսն ազդարարեց համերգային ծրագրով։
«Մենք սիրում ենք զգալ այն, ինչ անում ենք՝ չենք ընկնում թրենդների հետևից, չենք մտածում, թե ինչքան փող կբերի։ Անում ենք այն, ինչ մեր սրտից է գալիս»,- ասել էր Վանը։

Հեղինակ՝ Տաթևեր Լազարյան