ԱՄՆ-ում 43 տարեկանում կյանքից հեռացել է դերասան Չեդվիկ Բոուզմանը, որն առավել հայտնի է «Սև հովազ» հայտնի ֆիլմում գլխավոր դերակատարմամբ:
Չորս տարի առաջ Բոուզմանի մոտ ախտորոշվել էր հաստ աղիքի քաղցկեղ: Նա մահացել է Լոս Անջելեսում իր տանը՝ ընտանիքի շրջապատում:
43-ամյա արտիստի մահվան կապակցությամբ ցավակցական խոսքեր են հղել բազմաթիվ աստղեր, այդ թվում՝ Keeping up with the Kardashians ռեալիթի շոուի ամերիկահայ աստղ Քիմ Քարդաշյանը, դերասան Քրիս Փրեթը, երգչուհի Մերայա Քերին և այլք, գրում է Wonderwall-ը։
«Հանգչի՛ր խաղաղությամբ, Չեդվիկ Բոուզման»,- դերասանի լուսանկարին կից գրել է Քիմ Քարդաշյան Ուեսթը։
«Սարսափելի նորություն։ Մենք աղոթում ենք նրա ընտանիքի համար։ Աշխարհը կկարոտի այս անսահման տաղանդի տեր մարդուն»,- դերասանի մահվան լուրին արձագանքել է ամերիկացի դերասան Քրիս Փրեթը։
Նրա մահվան բոթին արձագանքել է Marvel կինոստուդիան, որի ֆիլմերում դերասանն ակտիվ մասնակցություն է ունեցել:
«Մեր սրտերը կոտրված են, մեր մտքերը՝ Չեդվիկ Բոուզմանի ընտանիքի հետ: Քո թողած ժառանգությունը կապրի հավերժ: Հանգչի՛ր խաղաղությամբ»,- ասվում է կինոստուդիայի հաղորդագրության մեջ, որը հրապարակվել է Ինստագրամ սոցկայքում:
«Անչափ ցավալի լուր։ Քեզնից հետո դու թողեցիր անհավատալի մեծ աշխատանք ու ոգեշնչող ժառանգություն։ Հանգչի՛ր խաղաղությամբ, Չեդվիկ Բոուզման»,- գրել է երգչուհի Մերայա Քերին:
Հոլիվուդյան դերասանուհի Ռիզ Ուիզերսփունն, անդրադառնալով դերասանի վաղաժամ մահվանը, նշել է, որ «հոլիվուդը կորցրել է մեծագույն դերասաններից մեկին»։
«Նրա ժառանգությունը հավերժ ապրելու է իր սիրած ֆիլմերում և բոլոր այն մարդկանց սրտերում, ովքեր սիրում են նրան»։
Բոուզմանը ծնվել է ԱՄՆ-ում, 1976 թվականին: Նա խաղացել է «Արդարադատություն» (Justified, 2011), «42» (2013), «Եգիպտոսի աստվածները» (Gods of Egypt, 2016), «Կապիտան Ամերիկա. Քաղաքացիական պատերազմ» (Captain America: Civil War, 2016), «Վրիժառուները. Անվերջության պատերազմ» (Avengers: Infinity War, 2018) և այլ ֆիլմերում:
Նա լայն ճանաչում է ձեռք բերել «42» ֆիլմում կատարած Ջեքի Ռոբինսոնի և «Ջեյմս Բրաուն. Ճանապարհ դեպի վերև» ֆիլմում կատարած Ջեյմս Բրաունի դերերի շնորհիվ: Նաև խաղացել է սուպերհերոս Սև հովազի դերը «Կապիտան Ամերիկա. Քաղաքացիական պատերազմ» ֆիլմում: Բոուզմանը կրկին մարմնավորել է այդ կերպարը 2018 թվականին թողարկված «Սև Հովազ» ֆիլմում: