Թրամփի քույրը համացանցում հայտնված սկանդալային ձայնագրությունում Իվանկա Թրամփին մինի Դոնալդ, իսկ Էրիկ Թրամփին ապուշ է անվանել

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի եղբոր դուստրը՝ Մերի Թրամփը, ուրբաթ MSNBC հեռուստաալիքի The ReidOut հաղորդման շրջանակում ներկայացրել է իր և Սպիտակ տան ղեկավարի ավագ քրոջ՝ Մերիեն Թրամփ Բերրիի միջև խոսակցության ևս մի սկանդալային ձայնագրություն։

Թրամփի 83-ամյա ավագ քույրը, որն իրավագիտության դոկտորի աստիճան ունի և զբաղեցրել է դաշնային դատավորի պաշտոնը, Մերի Թրամփի հետ զրույցում մասնավորապես քննադատել է Սպիտակ տան ղեկավարի երեխաներին։

Մերի Թրամփի հետ զրույցում Բերրին քննադատել է 2018-ին Իվանկա Թրամփի՝ իր երեխաներից մեկի հետ գրկախառնված լուսանկարի հրապարակումը՝ այն դեպքում, երբ նույն օրը Թրամփը սկսել էր Մեքսիկայի հետ սահմանին ներգաղթյալների երեխաներին բաժանել իրենց ծնողներից։

Բերրիի խոսքով՝ անընդունելի է եղբոր դստեր նման պահվածքը, «երբ օրվա գլխավոր նորությունն այն է, թե ինչպես են երեխաներին բաժանում իրենց ընտանիքներից»։

Մեկ այլ զրույցի ժամանակ Մերի Թրամփն ու Բերրին զրուցել են Էրիկ Թրամփի մասին, որտեղ Բերրին նրան «ապուշ» է անվանել։

«Մինչ Էրիկը հրապարակավ ապուշ է դարձել, Իվանկան թքած ունի բոլորի վրա։ Նա միայն իր մասին է մտածում»,-ասել է Բերրին, ինչին ի պատասխան Մերի Թրամփը հայտնել է․ «Այո, նա մինի Դոնալդն է»։

«Այո, մինի Դոնալդն է, այնուամենայնիվ, նա Դոնալդից խենթ է: Նա միշտ էլ այդպիսին է եղել։ Նա միշտ էլ հոր սիրելին է եղել»,- հավելել է Թրամփի քույրը։

Հիշեցնենք, որ ամիսներ առաջ Դոնալդ Թրամփի եղբոր դուստրը՝ Մերի Թրամփը, «Չափից շատ և երբեք բավարար չէ. Ինչպես ընտանիքս ստեղծեց աշխարհի ամենավտանգավոր մարդուն» վերնագրով գիրք է հեղինակել, որում երկրի ղեկավարի վերաբերյալ տհաճ բացահայտումներ ու պնդումներ են ներկայացված։

Simon & Schuster հրատարակչությունը գիրքը նկարագրել է որպես «Դոնալդ Թրամփի անկեղծ, ազդեցիկ դիմանկար»՝ ընդգծելով, որ Մերի Թրամփը «լույս է սփռում իրենց ընտանիքի մութ պատմությունների վրա, բացատրում է, թե ինչպես է իր հորեղբայրը դարձել այն մարդը, որն այժմ սպառնում է աշխարհի առողջապահությանը, տնտեսական անվտանգությանն ու սոցիալական կառուցվածքին»։

Հեղինակի խոսքով՝ նա իր մանկության մեծ մասն անցկացրել է Թրամփի շրջապատում՝ այդ տարիներն անվանելով «մղձավանջային, կործանարար և չարաշահման և անտարբերության ողբերգական համադրություն»։

Մերի Թրամփը Թրամփի հանգուցյալ եղբայր Ֆրեդ Թրամփ կրտսերի դուստրն է։

Donald Trump and his older sister Maryanne Trump Barry pictured together in Scotland in 2008Barry bashed Ivanka for her tone-deaf Instagram post posing with one of her kids the same day news broke that the Trump administration was separating migrant children from their families back in 2018