Քեյթ Ուինսլեթը խոստովանել է, որ «Ավատար 2» ֆիլմում դերի համար սովորել է ջրի տակ շունչը պահել 7 րոպե

Հայտնի դերասանուհի Քեյթ Ուինսլեթը, որը լեգենդար «Տիտանիկ» ֆիլմի ստեղծումից 20 տարի անց «Ավատար 2» ֆիլմի շրջանակում կրկին համագործակցում է օսկարակիր ռեժիսոր Ջեյմս Քեմերոնի հետ, հայտնել է, որ սիքվելում նկարահանումների ժամանակ սովորել է ջրում շունչը պահել 7 րոպե։

The Hollywood Reporter-ին տված հարցազրույցում 44-ամյա բրիտանացի դերասանուհին խոստովանել է, որ «Ավատար 2» ֆիլմում իր դերի համար սովորել է ջրի տակ շունչը պահել 7 րոպե և 14 վայրկյան։

«Ավատարում» դերիս համար ստիպված էի սովորել, թե ինչպես պետք է սուզվել, և դա պարզապես անհավանական էր․ շունչս առավելագույնը կարողանում եմ պահել 7 րոպե և 14 վայրկյան, խենթություն է»,- ասել է դերասանուհին։

Ռոնալ անունով կերպարին մարմնավորող Ուինսլեթը սյուժեի մասին այլ մանրամասներ չի պատմել, իսկ հարցին, թե ում է կերտում, կատակով պատասխանել է՝ «ջրային արարածի»։

Նշենք, որ անցյալ ամիս լեգենդար կինոռեժիսոր Ջեյմս Քեմերոնը հայտնել էր, որ կորոնավիրուսի պատճաով հետաձգվել են «Ավատար» ֆիլմի հաջորդ մասերի թողարկման ամսաթվերը։