Արման Ղազարյանը՝ իր 47-ամյակի, նվերների և չստացված ծննդյան տոնի մասին

Դերասան Արման Ղազարյանն այսօր նշում է իր 47-ամյակը։
ShowBiz.am կայքի հետ զրույցում պատմեց ամենաանհաջող ծննդյան տոնի և կնոջ յուրահատուկ նվերի մասին։

Թերևս համաճարակի ընթացքում շատերի երազանքներից մեկն է, որպեսզի այս իրավիճակը շուտ ավարտվի և բոլորը վերադառնան իրենց բնականոն կյանքին։
Դերասանը նույնպես նման երազանք է պահել այսօր՝ իր տորթի մոմերը փչելիս։
«Երազանքս այն է, որ այս համաճարակն ավարտվի և անցնենք գործի։ Եվ կմաղթեմ հաջողություն մեր նոր ներկայացմանը, որի վրա արդեն սկսել ենք աշխատել»,- ասում է  Արմանը։

Շատերն են հիշում իրենց ստացված ու յուրահատոկ ծննդյան տոները, հիմնականում այդ օրերին հոբելյարները ստանում են յուրահատուկ նվերներ կամ մտերիմների շնորհիվ ունենում են անկրկնելի օր։ Սակայն հիշողությունից չեն ջնջվում նաև չստացված ծննդյան տոները։
Արմանն իր չստացված ծննդյան օրը շատ լավ է հիշում։
«Ամենաչստացվածը հիշում եմ։ Ծննդյանս օրը բարձր տաքություն ունեի ու խաղացել եմ այդպես ներկայացմանը, իսկ տուն վերադառնալիս գումար եմ կորցրել։ Շատ «հաջող» օր էր»,- հիշում է արտիստը։

Դերասանն ունի երկու փոքրիկ բալիկ, ովքեր բավականին հետաքրքիր կերպով են հայրիկին նվերներ մատուցում՝ ծննդյան օրվա կապակցությամբ։
«Ես նվերները թաքուն գնում եմ, տալիս եմ կնոջս, ինքը տալիս է երեխաներիս ու նրանք էլ ինձ են նվիրում»,- ժպիտով խոսոտվանում է Արմանը։

Դերասանը հիշում է, որ իր ամենայուրահատուկ նվերը ստացել է կնոջ կողմից․ դա տոմս էր դեպի Դուբայ։
«Այ, այդ օրը, իսկապես, զգացի, որ ծննդյանս օրն է»,- կիսվում է Արմանը։

Իր խոսքը եզրափակելով՝ հոբելյարը նշում է, որ ծննդյան օրվան առանձնահատուկ ուշադրություն չի դարձնում, բայց երբ սկսում են իրեն շնորավորել  ընկերները, մանավանդ՝ երեխաները, հասկանում է, որ իզուր չի ծնվել։

Հեղինակ՝ Տաթևեր Լազարյան