Հոլիվուդյան դերասան Բրեդ Փիթը, որն ըստ լուրերի՝ հանդիպում է գերմանացի մոդել Նիկոլ Պոտուրալսկիի հետ, 27-ամյա գեղեցկուհու հետ այցելել է Ֆրանսիայում գտնվող Շատո Միրավալ (Chateau Miraval) կալվածք, գրում է E! News-ը։
Ինչպես նկատում է աղբյուրը, Ֆրանսիայի հարավում գտնվող անշարժ գույքը մեծ նշանակություն ունի «Օսկար» մրցանակի 56-ամյա դափնեկրի համար, քանի որ հենց այնտեղ է 2014 թվականին ամուսնացել նախկին կնոջ՝ դերասանուհի Անջելինա Ջոլիի հետ։
Շատո Միրավալ կալվածքը 300 հա մակերեսով անտառապատ տարածք է, որից մոտ 60 հա-ն հատկացվել է խաղողի այգիների համար․ 2011 թվականին զույգն այն ձեռք էր բերել 60 մլն դոլարով։
Հաղորդվում է, որ մոդելը Շատո Միրավալում հանգստյան օրերն անցկացրել է դերասանի հետ։
Փիթն ու Ջոլին ամուսնացել են 2014 թվականի օգոստոսի 23-ին․ արարողությունը ներկա են եղել միայն մի քանի հյուրեր և նրանց վեց երեխաները:
Զույգն ամուսնալուծության հայց է ներկայացրել 2016 թվականին։