«Հըրսանիք»․ Գևորգ Մկրտչյանի, Անահիտ Կիրակոսյանի և Աղաս Մանուկյանի նոր տեսահոլովակը՝ հայտնիների մասնակցությամբ

Երգիչ Գևորգ Մկրտչյանը և դերասաններ Աղաս Մանուկյանն ու Անահիտ Կիրակոսյանը շուտով հանդիսատեսի դատին կհանձնեն իրենց նոր աշխատանքը՝ երգի և տեսահոլովակի տեսքով։
ShowBiz.am կայքի հետ զրույցում արտիստները մանրամասներ են ներկայացրել նոր տեսահոլովակից՝ խոսելով իրենց համագործակցության, նկարահանումների, դերասանական կազմի մասին և ոչ միայն։

Տեսահոլովակի պրեմիերան նախատեսված է սեպտեմբերի 15-ին, բայց ամեն բան կախված է մոնտաժային աշխատանքներից։ Նոր երգի անունը «Հըրսանիք» է։

«Մտահաղացում ունեի հումորային նախագիծ ստանալ, մոտ մեկ տարի է, ինչ միտքը կար։ Բայց երկար ժամանակ չէի կողմնորոշվում՝ երբ և ում հետ այն կարելի է իրագործել,- պատմում է Գևորգն, ապա հավելում,- Կիսվեցի այդ գաղափարով իմ պրոդյուսեր Արման Անտոնյանի հետ։ Սկսեցինք քննարկումներն ու առաջին տարբերակը, որը եկավ մտքներիս Աղաս Մանուկյանի անունն էր։ Նախ Արմանը խոսեց Աղասի պրոդյուսեր Արմեն Պետրոսյանի (Մենչ) հետ, կիսվեց գաղափարով, որն էլ իր հերթին հավանություն տվեց նախագծին՝ արդեն Աղասի հետ քննարկումից հետո։ Այնուհետև քննարկումներ ունեցանք ես, Աղասը, Մենչը և Արմանը, ու Մենչի առաջարկով որոշվեց, որ մեզ պետք է միանա նաև Անահիտ Կիրակոսյանը։ Անկեղծ ասած, Անահիտին հեռակա կարգով գիտեի ու անձամբ չէի ճանաչում, այնպես որ՝ առաջարկն արեց Աղասը, Անահիտն էլ սիրով համաձայնվեց։ Իսկ հետագա նախապատրաստական գործընթացն այնքան երկար էր, որ Անահիտի հետ էլ հասցրինք ընկերանալ»,- պատմում է Գևորգ Մկրտչյանը` նշելով, որ այս նախագիծը իրականություն դարձավ իր, Աղասի, Անահիտի, Մենչի, Արմանի, ռեժիսոր Տիգրան Ավետիսյանի և դերասանների համատեղ աշխատանքի շնորհիվ։

Ամբողջ տեսահոլովակը գյուղում տեղի ունեցող հարսանիքի մասին է։ «Փորձել ենք ավելի հումորային տարբերակով ներկայացնել, բայց մեջը պահպանել գյուղի կոլորիտային տրամադրությունները։ Նկարահանումները տեղի են ունեցել Լոռվա Դսեղ գյուղում»,- հավելեց երգիչը։

Տեսահոլովակում նկարահանվել են բազմաթիվ հայտնի դերասան-դերասանուհիներ, որոնց ներկայությունն այն է՛լ ավելի վառ ու գունավոր է դարձրել։ «Բազմաթիվ կերպարների ընտրությունը և հայտնի դերասանների ու երգիչների ներգրավվածությունը պայմանավորված է նրանով, որ տեսահոլովակն ինքնին, կարծես, փոքր ֆիլմ լինի, որտեղ կան դերակատարումներ։ Եվ, բնականաբար, մենք բոլորս էլ համակարծիք էինք, որ այդ կերպարներում պետք է ներկայանան պրոֆեսիոնալ մարդիկ։ Հատուկ շնորհակալություն եմ ուզում հայտնել բոլոր այն մարդկանց, ովքեր արձագանքեցին, համաձայնվեցին ու ներգրավվեցին այս խենթ տեսահոլովակում։ Այսինքն՝ դրանով է պայմանավորված, որ այդքան հայտնի դեմքեր կան նախագծում։ Տեսահոլովակն ու երգն ինքնին պահանջում էին կերպարներ, որոնք էլ գտան իրենց դերակատարներին»,- մանրամասներով է կիսվում Անահիտը։

Ըստ դերասանուհու՝ նկարահանումներն ընթացել են ֆանտաստիկ։ «Երկու օր (24-ժամյա ռեժիմով) տևել են մեր նկարահանումները, իսկ եթե այդքան հումորով մարդիկ հավաքվել են մի տեղում, արդեն կարելի է պատկերացնել, թե ինչ խենթ ու հետաքրքիր դրվագներ ենք ունեցել»,- հավելում է Անահիտը։

Տեսահոլովակում նկարահանվել են Լալա Մնացականյանը, Սերգեյ Դանիելյանը, Լևոն Հարությունյանը, երգչուհի Ալլա Լևոնյանը, Տիգրան Գյուլումյանը, Լեռնո Հարությունյանը, Նարինե Ոսկանյանը, Ագնեսա Շահնազարյանը և էլի շատ ուրիշներ։

Գևորգն, Աղասն ու Անահիտը նախկինում միասին աշխատելու փորձ չեն ունեցել, սակայն դա նրանց չի խանգարել նկարահանման հրապարակում։ «Ասեմ, որ մեր համագործակցությունը բավականին հեշտ ստացվեց։ Նախկինում երբեք իրար հետ աշխատելու փորձ չէինք ունեցել, բայց հեռակա կարգով ճանաչում էինք միմյանց։ Այս նախագիծն առիթ հանդիսացավ, որ մտերմանանք և ընկերներ դառնանք»,- պատմում է Աղաս Մանուկյանն, ապա հավելում,- «Սպասելիքները շատ մեծ են, որովհետև տեսահոլովակում ներառված են հայտնի դերասան-դերասանուհիներ։ Ե՛վ տեսահոլովակը, և՛ երգը շատ պոզիտիվ են, այնպես որ հիասթափեցնել չեն տա։ Ամեն դեպքում սպասենք արդյունքներին»։

Հեղինակ՝ Լուս Ավագյան