ԱՄՆ-ում 49 տարեկանում մահացել է I Like To Move It հիթի հեղինակը (լուսանկարներ)

ԱՄՆ-ում 49 տարեկանում մահացել է ամերիկացի-կոլումբացի դիջեյ և պրոդյուսեր, I Like To Move It հիթի հեղինակ Էրիկ Մորիլոն, հաղորդում է BBC-ն։

Նշվում է, որ դիջեյի մարմինը երեքշաբթի առավոտյան հայտնաբերել են Ֆլորիդա նահանգի Մայամի Բիչ քաղաքի իր տանը․ նրա մահվան հանգամանքները պարզվում են։

Ինչպես նշում է աղբյուրը, մի քանի շաբաթ առաջ Մորիլոյին ձերբակալել էին՝ կին դիջեյի նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով․ դիջեյը հերքել է մեղադրանքները։

Ոստիկանությունը Մորիլոյի մահվան վերաբերյալ պաշտոնական մեկնաբանություններ դեռևս չի տվել, սակայն նախնական տվյալներով՝ նրա մարմնի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել:

Ինչպես հայտնի է, արտիստին մեծ ճանաչում է բերել I Like to Move It պարային հիթը, որը նա թողարկել է վոկալիստ Մեդ Սթանթմանի (Mad Stuntman, իսկական անունը՝ Մարկ Կվաշի) հետ համատեղ։ Երգը 2005 թվականին հայտնվել է DreamWorks-ի «Մադագասկար» մուլտֆիլմում։