Շերը ԼԳԲՏ համայնքի վիրտուալ դրամահավաքի շրջանակում 2 մլն դոլար է հավաքել Բայդենի համար

Աշխարհի ամենահայտնի հայուհիներից մեկը՝ Շերը (Շերիլին Սարգսյան), ԼԳԲՏ համայնքի վիրտուալ դրամահավաքի ժամանակ 2 մլն դոլար է հավաքել դեմոկրատ Ջո Բայդեն-Քամալա Հարիս զույգի նախընտրական արշավի համար, հաղորդում է NBC հեռուստաալիքը։

Երկուշաբթի փոփ կուռքը մասնակցել է առցանց միջոցառմանը, որը «կոչված էր համախմբելու ԼԳԲՏ համայնքին՝ հաջակցություն առաջիկա նախագահական ընտրություններում Դեմոկրատական կուսակցության»։

Մեջբերելով իր հայտնի Believe երգի տողերը (do you believe in life after love)՝ Շերն առցանց դրամահավաքի մասնակիցներին հարցրել է՝ «արդյոք հավատո՞ւմ են Թրամփից հետո կյանքին»։

«Ես տեսա Ջոյի ելույթը, և դա սեր էր առաջին հայացքից։ Այնպես որ գնացի նրա գրասենյակ ու նրան մի քանի սուր հարցեր տվեցի և ի տարբերություն շատ քաղաքական գործիչների՝ Ջոն իսկապես լսում էր ինձ և նրա համար իմ խոսքերը նշանակություն ունեին»,- ասել է ամերիկահայ երգչուհին։

Երգչուհին, մեջբերելով իր մյուս՝ Strong Enough 1990-ականների հիթի բառերը, նշել է, որ «Ջոն բավականին խելացի է, բավականին բարի և բավականին ուժեղ»։

Մինչդեռ Սպիտակ տան ներկայիս նախագահ Դոնալդ Թրամփի մասին արտահայտվելիս Շերն ասել է․ «Նա իսկական հիմար է»։

Հիշեցնենք, որ Միացյալ Նահանգների նախագահի ընտրությունները տեղի կունենան այս տարվա նոյեմբերի 3-ին։