Նատալի Պորտմանը խոսել է կլիմայական ճգնաժամի մասին (լուսանկարներ)

Հոլիվուդյան հայտնի դերասանուհի Նատալի Պորտմանը Ինստագրամում կլիմայական ճգնաժամի և այն հաղթահարելու վերաբերյալ իր տեսակետն է հայտնել, գրում է Daily Mail-ը։

39-ամյա դերասանուհին կլիմայական ճգնաժամի վերաբերյալ գրառումն ուղեկցել է իր լուսանկարով:

«Կլիմայական ճգնաժամի հետևանքները երբեք այսքան նկատելի չեն եղել։ Սաստիկ տոթերի, անտառային հրդեհների և ռեկորդային փոթորիկների պատճառով սևամորթ համայնքներն անհամեմատ ավելի շատ են տուժում ոչ միայն կլիմայական փոփոխությունից, այլև COVID-19-ի  ճգնաժամից»,- գրել է Պորտմանը:

Դերասանուհու խոսքով՝ «ավելի արդար և կայուն ապագա ստեղծելու համար մեզ հարկավոր են կլիմայական որոշումները առաջ մղող առաջնորդներ, որոնք միաժամանակ կառավարության բոլոր մակարդակներում կոչնչացնեն համակարգային ռասիզմը»։

Նա նաև իր աջակցությունն է հայտնել Athletes Unlimited կանանց նոր սպորտային լիգային։

«Ողջույն, ես Նատալի Պորտմանն եմ, և ես աջակցում եմ Athletes Unlimited -ին, քանի որ ցանկանում եմ, որ հաջորդ սերունդը մեծանա ավելի շատ կին մարզիկների միջավայրում»,- ասել է դերասանուհին կարճ տեսանյութում, որտեղ կրել է AU-ի գլխարկ և վերնաշապիկ: