Netflix-ը պայմանագիր է կնքել արքայազն Հարրի և նրա կնոջ՝ Մեգանի հետ

Մեծ Բրիտանիայի արքայազն Հարրին և իր կինը՝ Մեգանը, որոնք բնակվում են Կալիֆոռնիայում, բազմամյա պայմանագիր են կնքել ֆիլմերի և սերիալների արտադրությամբ զբաղվող Netflix ընկերության հետ: Այս մասին գրում է РИА Новости-ն՝ հղում տալով New York Times-ին:

Ենթադրվում է, որ Netflix-ը կվճարի Հարրի և Մեգանի վերջերս ստեղծված և դեռ անուն չստացած պրոդյուսերական ընկերությանը՝ երեխաների համար նախատեսված հեռուստաշոուների, թողարկումների, վավերագրական և գեղարվեստական ֆիլմերի ստեղծման նպատակով:

«Մենք աներևակայելի հպարտ ենք, որ իրենք ընտրել են Netflix-ը որպես ստեղծագործական տուն: Անհամբերությամբ սպասում ենք այն պահին, որպեսզի իրենց հետ միասին պատմենք պատմություններ, որոնք կլինեն կենսահաստատ և կմեծացնեն ամենատարբեր լսարանների միջև հասկացողությունն ամբողջ աշխարհում»,- հայտարարել է ընկերության համաղեկավար Թեդ Սարանդոսը:

Միևնույն ժամանակ նա հրաժարվել է մեկնաբանել պայմանագրի ֆինանսական բաղադրիչը: