Էդգար Բաղդասարյանի «Էրկեն կիշեր» ֆիլմն ընդգրկվել է Պարանայի միջազգային փառատոնի ծրագրում

Հայաստանի ազգային կինոկենտրոնի ֆինանսական աջակցությամբ` «Էդգար Բաղդասարյան Ֆիլմ Պրոդակշն» ընկերության կողմից նկարահանված ռեժիսոր Էդգար Բաղդասարյանի «Էրկեն կիշեր» ֆիլմն ընդգրկվել է Պարանայի միջազգային կինոփառատոնի (PARANÁ INTERNACIONAL FILMS FESTIVAL, Argentina) մրցութային ծրագրում, որն անցկացվելու է սեպտեմբերի 4-ից 8-ը։ Այս մասին հայտնում են Հայաստանի ազգային կինոկենտրոնից։

Հիշեցնենք, որ Հայկական ազգային կինոակադեմիայի «Անահիտ» մրցանակաբաշխությանը 2019-ի լավագույն կինոնկար ճանաչված ու ևս 5 անվանակարգերում մրցանակի արժանացած «Էրկեն կիշերը» «Լավագույն արտասահմանյան ֆիլմ» էր ճանաչվել նաև THE INDIE FOR YOU FILM FESTIVAL փառատոնում:

Ռեժիսոր և սցենարի հեղինակ Էդգար Բաղդասարյանի 1 ժամ 40 րոպե տևողությամբ «Էրկեն Կիշեր» պատմական դրամա-ֆիլմաշարը ստեղծվել է 3 տարվա ընթացքում իրականացված նկարահանումների և հսկայածավալ աշխատանքի արդյունքում:

Ֆիլմի ռեժիսորը հանդիսատեսին է ներկայացնում երեք տարբեր պատմություններ՝ մարդկային բարդ ու խճճված փոխհարաբերություններ: Ֆիլմի հերոսները դժվարին իրավիճակում հայտնված և ընտրության առաջ կանգնած անհատներ են, որոնց կատարած վճռական քայլը որոշիչ կարող է դառնալ նրանց կյանքում:

Գլխավոր դերերում  հանդես են եկել՝  Շանթ Հովհաննիսյան, Սամվել Գրիգորյան, Լուիզա Ներսեսյան, Բաբկեն Չոբանյան, Նարինե Գրիգորյան, Մարիա Սեյրանյան, Մինաս Ասրյան, Վաչե Երիցյան։