«Ես դեռ չգիտեմ՝ քսանն ինձ համար ինչպիսին է լինելու»․ Անելյա Գուբրյանը՝ 20-ամյակի, նպատակների և ձեռքբերումների մասին

Դերասանուհի, մոդել Անելյա Գուբրյանը երեկ՝ սեպտեմբերի 2-ին, նշել է ծննդյան 20-ամյակը։ Օգտվելով առիթից՝ ShowBiz.am-ը զրուցել է դերասանուհու հետ, ով մեզ պատմել է օրվա մանրամասներից, սպասված նվերներից ու երազանքներից, ինչպես նաև խոսել ապագա ծրագրերի մասին։

«Օրն անցկացրել եմ հարազատ մարդկանց հետ, շատ նեղ շրջանում։ Առանձնապես որևէ խնջույք չէի կազմակերպել, այնպես որ սխալ կլինի ասելը, որ որևէ կերպ նշել եմ այդ օրը։ Ուղղակի մոտիկ ու հարազատ մարդկանց հետ հավաքվել ու լավ ժամանակ ենք անցկացրել»,- պատմում է Անելյան։

Խոսելով 20-ամյակի և դրա կարևորության մասին՝ դերասանուհին նշում է․ «Ես դեռ չգիտեմ, թե քսանն ինձ համար ինչպիսին է լինելու, ինպե՞ս կարող էի այն մեծ շուքով նշել։ Օրինակ՝ ինձ համար հիշարժան է եղել իմ 17-ամյակը, քանի որ երբ դարձա 18, հասկացա, թե տասնյոթս ինչքան կարևոր էր ինձ համար։ Իսկ քսան ամյակս դեռ անծանոթ է ինձ, ես իրեն պետք է ապրեմ, որ հասկանամ այն ինչպիսին էր ինձ համար։ Իսկ որպես էդպիսին, ես նշել կամ խնջույքներ կազմակերպել չեմ սիրում, կարծում եմ, որ տարիքն ընդամենը թիվ է, որին ես այդքան էլ լուրջ չեմ վերաբերվում։ Ինձ համար բացարձակ էական չէ, թե մարդը քանի տարեկան է դառնում, այն հոբելյանական է, թե՝ ոչ, ուրիշ շատ կարևոր բաներ կան, որոնց մասին կարելի է մտածել կամ անհանգստանալ»։

Իսկ դե էլ ի՞նչ ծննդյան օր առանց տորթի և մոմերի․ «Իմ բոլոր երազանքները միշտ ինձ հետ են, միշտ կան։ Այլ բան են նպատակները, որոնց մասին երբեք չեմ մտածում մոմերը փչելիս։ Դրանք իրագործելի են, իսկ երազանքները՝ այդքան էլ չէ։ Մանկուց մնացած սիրուն սովորություն է տորթի մոմերը փչելիս երազանք պահելը, կարծում եմ՝ շատերն ինձ հետ կհամաձայնվեն»։

Ծննդյան օրվա անբաժան մասն են կազմում նաև գեղեցիկ անակնկալներն ընտանիքի կամ հարազատների կողմից, սակայն Անելյան այդ առումով ևս բացառություն է․ «Անակնկալների առումով, կարելի է ասել, ես մի փոքր տխուր մարդ եմ։ Ես չեմ սիրում անակնկալներ, քանի որ սիրում եմ ամեն բանը նախօրոք պլանավորել, ամեն ինչի մասին իմանալ։ Դրա համար էլ ընկերներս գիտեն, որ ինչ-որ անակնկալներով ինձ չեն զարմացնի կամ ուրախացնի։ Բայց օրվա ընթացքում հաճելի պահեր, իհարկե, եղել են»։

Դերասանուհին ծննդյան օրը սիրում է անցկացնել թե՛ ընկերների, թե՛ ընտանիքի անդամների հետ․ «Եղել է, որ ընտանիքիս հետ եմ անցկացրել օրս, եղել է նաև ընկերների հետ, այսինքն՝ ըստ պահի թելադրանքի։ Ինձ համար ընկերներս էլ են ընտանիք, քանի որ իրենք քիչ են և հատ-հատ ընտրված»։

Հաշվի առնելով երկրում առկա իրավիճակը ու դրա առաջ բերած դժվարությունները՝ Անելյան ինչ-որ չափով կարողացել է իր պլանները վերջնակետին հասցնել․ «Իրականում պլանավորածիս կեսը հասցրել եմ իրականություն դարձնել, իսկ մյուս կեսը կորոնավիրուսի պատճառով խափանվեց։ Շատ-շատ պլաններ ունեի՝ կապված արտերկրի հետ, որոնց իրագործմանը իրականում շատ քիչ էր մնացել։ Հույս ունեմ, որ այս տարի կկարողնամ վերականգնել կիսատ մնացած գործերս»։

Անելյան նշում է, որ իրականում շատ պրակտիկ մարդ է, ու դա դրսևորվում է ամեն բնագավառում և միջավայրում, ու բացառություն չէ նաև նվերների ընտրության հարցը․ «Միշտ նվերներ անելուց մտերիմներիս կամ հարազատներիս հարցնում եմ, թե նրանք ինչ են ուզում, ապա միայն նոր դա նվիրում եմ։ Այսինքն ես չեմ սիրում անել նվերներ, որոնք պետք է չօգտագործվեն։ Նույնն էլ իմ հանդեպ են փորձում անել գրեթե բոլորը։ Միշտ հարցնում են, թե ես ինչի կարիքն ունեմ կամ չունեմ, ու դա ես իրոք գնահատում եմ, քանի որ այդպես բոլորս էլ վստահ կլինենք, որ անիմաստ գործ չենք կատարել»։

Ինքն իրեն մաղթանք դերասանուհին ևս ունի․ «Ցանկանում եմ քիչ նյարդայնանալ, շա՜տ քիչ։ Որովհետև ժամանակի ընթացքում հասկանում ես, որ ամեն բան անցնում է ու դրա հետ մեկտեղ նաև մեր նյարդերը )) իսկ մենք դեռ շատ երկար ապրելու ժամանակ ունենք, որպեսզի մեր ունեցածն անտեղի վատնենք»։

Տասը տարի անց էլ դերասանուհին, ըստ իր պատկերացման, կլինի այսպիսին․․․ իսկ իրականում Անելյան ոչինչ էլ չկարողացավ պատկերացնել․ «Օ՜, շատ բարդ հարց եք տալիս։ Ես այնքան անկանխատեսելի կյանքով եմ ապրում, որ չեմ կարող ասել, թե հաջորդ պահին ինձ հետ ինչ կլինի։ Ես երկու-երեք տարի առաջ չէի էլ կարող պատկերացնել, որ այսօր կլինեմ այնտեղ, որտեղ հիմա եմ։ Այնպես որ պետք է ուղղակի սպասել»։

Հեղինակ՝ Լուս Ավագյան