Սիրուշոն մասնակցել է Wschód Kultury 2020 փառատոնին Լեհաստանի պետական մարմինների մեծ ջանքերի շնորհիվ

Երգչուհի Սիրուշոն օգոստոսի 28-ին մասնակցել է Լեհաստանի Ժեշով քաղաքում տեղի ունեցած «Wschód Kultury 2020» փառատոնի գալա համերգին, որը հեռարձակվել է Լեհաստանի ազգային հեռուստատեսությամբ (TVP)։

«Սիրուշո» փրոդաքշընից հայտնել են, որ Լեհաստանի մշակույթի նախարարության կողմից կազմակերպվող այս պետական փառատոնին կարողացել են մասնակցել նաև տարբեր երկրների սիրված ու ճանաչված արտիստներ` անգամ COVID-19-ով պայմանավորված աշխարհում ստեղծված իրավիճակում։

«Սիրուշոյի մասնակցությունը վերոնշյալ փառատոնին այս բարդ ու «փակ սահմանների» ձևաչափում իրականություն է դարձել Լեհաստանի պետական մարմինների` հատկապես Մշակույթի եւ ազգային ժառանգության նախարարության և փառատոնի կազմակերպիչների մեծ ջանքերի շնորհիվ։ Բացառության կարգով Սիրուշոյին եւ թիմին ճամփորդելու և սահման հատելու համապատասխան թույլտվություն է հատկացվել։ Փառատոնի ընթացքում հատկապես տպավորիչ էր, երբ լեհ տաղանդավոր երգչուհի Անիա Դաբռովսկան Սիրուշոյի հետ հայերենով կատարել է վերջինիս հեղինակային «Հուհ-հահ» երգը, իսկ Սիրուշոն առաջին անգամ լեհերեն է ներկայացրել երգչուհու սիրված ստեղծագործություններից մեկը` «Porady Na Zdrady»: Ելույթները չափազանց բուռն եւ ջերմ ընդունելության են արժանացել լեհ հանդիսատեսի կողմից»,- հայտնում են փրոդաքշընից:

Նշվում է նաև, որ փառատոնի անակնկալներն այդքանով չեն սահմանափակվել։ Սիրուշոն նաև ելույթ է ունեցել լեհ լեգենդ Քրիստոֆ Քուգովսկիի հետ` կրկին լեհերեն կատարելով նրա հայտնի երգերից մեկը` տեղի Ֆիլհարմոնիկ նվագախմբի նվագակցությամբ։ Փառատոնին զուգընթաց Լեհաստանում շարունակվել են նաև «Արմատ» ծրագրի նկարահանումները, որոնք ներառվելու են հաղորդաշարի նոր եթերաշրջանում։