Բաժանություն, կրոնափոխություն հանուն սիրո․ Իվանկա Թրամփի և Ջարեդ Քուշների համատեղ կյանքի հետաքրքիր դրվագները

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ավագ դուստրն ու համատեղությամբ Սպիտակ տանը նրա ավագ խորհրդական Իվանկա Թրամփն ու ամուսինը՝ Թրամփի խորհրդական Ջարեդ Քուշները, հոկտեմբերի վերջին կնշեն իրենց ամուսնության 11-ամյակը: Եվ չնայած նրանց հարաբերությունները նախանձելի են շատերի համար, զույգն իրենց երկարատև հարաբերությունները կառուցելու ճանապարհին մի շարք խոչընդոտներ է հաղթահարել։

Կրոնական տարաձայնությունների պատճառով բաժանում, «լավագույն գործարք» պիտակավորումը ստացած ամուսնություն և ավելին. Luxury Launches-ը ներկայացրել է զույգի համատեղ կյանքի հետաքրքիր և մարտահրավերային դրվագները։

Հանդիպում
2007-ին զույգի հանդիպումը կազմակերպել են նրանց ընկերները։ Իվանկա Թրամփը և Ջարեդ Քուշները գերհարուստ ընտանիքների ժառանգներ էին և Իվանկայի խոսքով՝ իրենց ընկերները կարծում էին, որ իրենց հարաբերությունները «զուտ գործնական բնույթ» կունենան։ 2017-ին Vogue-ին տված հարցազրույցում ԱՄՆ նախագահի դուստրն իր առաջին հանդիպումն անվանել է «լավագույն գործարքը, որը մենք երբևէ կնքել ենք»։

Ոչ այնքան գաղտնի սիրավեպ
Զույգն իրենց միության առաջին ամիսներին փորձել է թաքցնել սիրավեպը․ երեկույթներին ներկայացել է առանձին և խուսափել միասին միջոցառումների մասնակցել, սակայն նրանք, ի վերջո, երկար չեն կարողացել թաքցնել իրենց կապը, երբ Իվանկա Թրամփը հրապարակավ համբուրել է ընկերոջը։

Բաժանություն
Նրանց սիրավեպից ընդամենը մեկ տարի անց Իվանկայի և Ջարեդի հարաբերություններում սկսում են «առաջին ճաքերն ի հայտ գալ»։ Ինչպես նշում է պարբերականը, նրանց տարաձայնությունների հիմնական պատճառը դավանանքն էր․ Թրամփի ավագ դուստրը կաթոլիկ էր, իսկ նրա ապագա ամուսինը՝ ուղղափառ հրեա։ Լուրերի համաձայն՝ Ջարեդի ծնողները առանձնապես ոգևորված չեն եղել իրենց որդու և Իվանկա Թրամփի հարաբերություններով, մասնավորապես՝ կրոնական հայացքների պատճառով։ Ի վերջո, Իվանկան որոշել է կրոնափոխ լինել, սակայն ստիպված է եղել խիստ ընթացակարգի միջով անցել, որի ընթացքում համաձայնել է իր երեխաներին դաստիարակել որպես ուղղափառ հրեաներ։

Կրոնափոխություն
Իվանկա Թրամփը հազվադեպ է խոսում իր կրոնափոխության ընթացքի մասին՝ նշելով, որ դա անձնական է։ Չնայած այն հանգամանքին, որ կրոնն ի սկզբնե հակասություններ է առաջացրել զույգի հարաբերություններում, Իվանկան մի առիթով խոստովանել է, որ այն ընտանեկան կապեր ստեղծելու հիանալի միջոց է։

Դոնալդ Թրամփի «կարճ» ելույթը զույգի հարսանեկան երեկույթին
Մինչ Քուշների հայրը զույգի հարսանեկան երեկույթի ժամանակ իր ելույթում խոսել է Հոլոքոստի մասին, Դոնալդ Թրամփի ելույթը, ինչպես նկատում է աղբյուրը, պակաս տպավորիչ է եղել։
«Երջանիկ եղեք և վայելեք ձեր կյանքը»,- ասել է նա։

Դոնալդ Թրամփի և Ջարեդ Քուշների հարաբերությունները
ԶԼՄ-ներում ԱՄՆ նախագահի և նրա փեսայի հարաբերությունների մասին ենթադրությունները հակասական են։ Չնայած այն հանգամանքին, որ Ջարեդն այժմ հանդես է գալիս որպես Թրամփի խորհրդական, հաղորդումներ են շրջանառվում առ այն, որ Սպիտակ տան ղեկավարը «փոշմանել է նրա խորհրդով ընդունած մի շարք որոշումների համար»։