Դատարանը Միխայիլ Եֆրեմովին մեղավոր է ճանաչել մահվան ելքով ավտովթարի համար

Մոսկվայի Պրեսենսկի դատարանը դերասան Միխայիլ Եֆրեմովին երեքշաբթի մեղավոր է ճանաչել մահվան ելքով ճանապարհատրանսպորտային պատահարի համար, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը։

«Ալկոհոլային ազդեցության տակ տրանսպորտային միջոց ղեկավարելիս ճանապարհատրանսպորտային պատահար է գործել, որն ակամա մարդու մահվան է հանգեցրել»,- նշել է դատավոր Ելենա Աբրամովան։

Նշվում է, որ պատիժը կհնչեցվի դատավճռի վերջում։ Դատախազությունը պահանջել է, որ դերասանի նկատմամբ 11 տարի ազատազրկում սահմանվի, ինչպես նաև պատիժը կրելուց հետո էլ երեք տարի մեքենայի ղեկին նստելու արգելք տրվի։

Մեղադրյալի փաստաբանը, իր հերթին, «արդար դատավճիռ» է պահանջել, սակայն առանց կալանքի։ Էլման Փաշաևը մատնանշել է մի շարք հնարավոր մեղմացուցիչ հանգամանքներ, ինչպիսիք են դերասանի բազում պարգևները, երեխաների առկայությունը, վնասի հատուցման պահանջների մասնակի մարումը։

Քրեական օրենսգրքի համաձայն՝ նման հանցագործության համար առավելագույն 12 տարվա ազատազրկում է ենթադրում:

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, Եֆրեմովի մասնակցությամբ ճանապարհատրանսպորտային պատահարը տեղի է ունեցել հունիսի 8-ին՝ Մոսկվայի Սմոլենսկի հրապարակում: Դերասանի վարած Jeep Grand Cherokee ավտոմեքենան դուրս է եկել հանդիպակաց գոտի և բախվել Lada մակնիշի մեքենային: Վթարի հետևանքով Lada-ի վարորդը մահացել է։