Սելին Դիոնը 9-ամյա երկվորյակների ծննդյան կապակցությամբ լուսանկարներ է հրապարակել (լուսանկարներ)

Կանադացի երգչուհի Սելին Դիոնը իննամյա որդիների՝ Նելսոնի և Էդիի ծննդյան կապակցությամբ Ինստագրամում հազվագյուտ լուսանկարներ է հրապարակել։

Առաջին լուսանկարում երկվորյակները ժպտում են տեսախցիկին, իսկ երկրորդում՝ ծիծաղաշարժ դեմքեր են ընդունել։

«Կրկնակի ծիծաղ և կրկնակի սեր: Շնորհավոր ձեր 9-ամյակը Նելսոն և Էդի: Ես այնքան հպարտ եմ իմ տղաներով։ Սիրում եմ ձեզ»,- լուսանկարներին կից գրել է հանրահայտ երգչուհին։

Դիոնը և կյանքից հեռացած ամուսինը՝ Ռենե Անջելիլը, երեք որդի ունեն՝ 9-ամյա Նելսոնը և Էդին, 18-ամյա Ռենե Չարլզը: 2017 թվականին՝ ամուսնու մահից ավելի քան մեկ տարի անց, երգչուհին The Sun-ին տված հարցազրույցում պատմել էր, որ ամուսնու մահից հետո ոտքի է կանգել իր զույգ երեխաների շնորհիվ։

«Ես փորձում եմ ինձ միայնակ չզգալ։ Այդ պատճառով հսկայական մահճակալ եմ գնել և քնում եմ իմ երկվորյակների հետ։ Նրանք ինձ շատ են մխիթարում։ Նրանք ինձ պետք են»,- ասել է նա։

Դիոնը նաև հայտնել է, որ իր ընտանիքը վառ է պահում ամուսնու հիշատակը։
«Մենք ամեն գիշեր համբուրում ենք նրան։ Մենք մի փոքր ծիսակատարություն ունենք, երբ ամեն գիշեր նրա լուսանկարին բարի գիշեր ենք մաղթում»,- հայտնել է երգչուհին։

Նշենք, որ Ռենե Անջելիլը կյանքից հեռացել է 2016-ի հունվարին՝ 73 տարեկանում՝ երկար ժամանակ քաղցկեղի դեմ պայքարելուց հետո: