Առաջին ավտոմեքենան ու ամենակարևոր երազանքը․ Անուշիկ Առաքելյանն այսօր նշում է  իր ծննդյան օրը

Դերասանուհի Անուշիկ Առաքելյանը, ով վերջին շրջանում հանդես էր գալիս «Փափուկ խաղալիք» հումորային սիթքոմում, այսօր՝ սեպտեմբերի 8-ին նշում է իր ծննդյան տարեդարձը։ Նա խոստովանում է, որ անակնկալներն արդեն սկսել են երեկ կեսգիշերից։
«Թե երեկ, թե այսօր անակնկալների պակաս չեմ զգացել։ Ճիշտն ասած, ինձ միշտ իմ երկրպագուներն են անակնկալներ մատուցում»,-ասում է հոբելյարը ու խոստովանում, որ երբեք իր ծննդյան օրը հատուկ երազանք չի պահել։

«Որ ասեմ՝ չեք հավատա, բայց երբևէ երազանք չեմ պահել տորթի մոմերը փչելիս, անգամ չեմ էլ հիշել այդ մասին։ Փոքր տարիքում նույնպես։ Անկեղծ ասեմ, միշտ մտածել եմ, որ դա ամենասուտ բանն է, ու մտքովս էլ չի անցել երազանք պահել»,-բացատրում է Անուշիկը ու հավելում, որ չնայած այդ ամենին շատ կարևոր երազանք ու նպատակ ունի ապագայի հետ կապված․ «Նպատակներ շատ կան՝ մանր-մունր, բայց հիմա տուն եմ ուզում գնել»։

Խոսելով ցանկալի նվերների մասին՝ դերասանուհին հիշում է իր կյանքի ամենայուրահատուկ նվերը՝ առաջին ավտոմեքենան, որը նվեր է ստացել եղբոր կողմից։
«Իմ առաջին մեքենան եղբայրս է նվիրել, այդ ժամանակ ես 25 տարեկան էի դառնում։ Բացեցի պաղպաղակի տուփը տեսա մեքենայի բանալիներ են։ Դա ամենացանկալի նվերն էր ինձ համար։ Այդ ժամանակ շատ էի ցանկանում հենց մեքենա գնել, գումար էի կուտակում։ Իսկ առհասարակ սիրում եմ, երբ նվիրում են ծաղիկներ։Չեմ սիրում հագուստ նվեր ստանալ»,-պատմում է նա։

Անուշիկն այս տարվա ծննդյան տոնը համեմատաբար մեղմ է նշում, ինչը պայմանավորված է կարանտինի հետ։ Սակայն նա կիսվում է, որ ամենաստացված ծննդյան խնջույքն անցած տարի էր․ «Ինձ շատ սիրելի մարդիկ էին ներկա, անակնկալ շնորհավորանքներ եղան, որոնք շատ տպավորեցին։ Բայց շատ ծննդյան տոներ եմ ունեցել, որոնք ստացված եմ համարում, որովհետև միշտ կարողացել ենք ընկերներով որևէ տեղ նշել ու ամեն անգամ յուրովի է անցել։ Կարծում եմ՝ ամենամեղմ ծննդյան տոնը հենց այս տարի է՝ կապված կարանտինով ու շոու-բիզնեսում մի փոքր լարված իրավիճակով։ Հիմա ավելի շատ մտածում ենք աշխատանքի մասին, քան այլ հարցերի»։ 

 

Խոսելով աշխատանքի մասին՝ Անուշիկից տեղեկանում ենք, որ ունի առաջարկներ և շուտով կլինեն նորություններ։ Պատմելով, թե ինչպես կարողացավ լուծել կարանտինի ընթացքում իր առջև ծառացած ֆինանսական խնդիրները՝ Անուշիկն ասում է․  «Ֆինասական խնդիրները շատ դժվար կարողացա լուծել, բայց եղբայրս իմ կողքին էր, ու նա ինձ շատ օգնեց»։ 

Դերասանուհին նկատում է, որ տարիների ընթացքում իր բնավորության մեջ մի շարք գծեր են ավելացել ու փոխվել։
«Տարիների ընթացքում սկսել եմ ավելի հանգիստ վերաբերվել անարդարությանը, չնայած այդքան էլ լավ չի ստացվում, որովհետև միշտ շատ ծանր եմ տարել դա։ Սկսել եմ շատ հեշտ կորցնել ընկերներ․ եթե առաջ կսպասեի, որ ծայրահեղության հասներ, հիմա շատ արագ՝ առաջին հիասթափությունից կամ խնդրից փակում եմ ընկերության թեման, բայց երևի դա տարիքից է։ Առաջ շատ ցավոտ էի տանում խնդիրները, հիմա այլևս ոչ»,– ասում է նա։

Խոսելով, թե ինչպիսին է իրեն տեսնում դերասանուհին 5-10 տարի անց և ի՞նչ նպատակ ունի, որը կցանկանա իրականացել ապագայում, Անուշիկը նկատում է։
«Ես ցանկանում եմ իմ բիզնեսը հիմնել, հույս ունեմ, որ ես կհասնեմ դրան, Հայաստանը կտա այդ հնարավորությունը, որպեսզի ես շարունակեմ ապրել Հայաստանում ու ունենամ այն բիզնեսը, որի մասին այդքան երազել եմ»։

Հեղինակ՝ Տաթևեր Լազարյան