«Դադար վերցնելու ճիշտ ժամանակն էր»․ Քրիս Ջենները պատմել է՝ ինչու են Քարդաշյաններն ավարտում իրենց իրապատում շոուն

Ամերիկյան Keeping Up with the Kardashians իրապատում շոուի աստղ, Քարդաշյան-Ջեններ ընտանիքի մայր Քրիս Ջենները On Air with Ryan Seacrest ռադիահաղորդման հաղորդավար Ռայան Սիքրեստի հետ հարցազրույցում խոսել է իրապատում շոուին հրաժեշտ տալու որոշման մասին։

«Դու ինձ նորից կստիպես լաց լինել»,- Սիքրեստի՝ իրապատում շոուին հրաժեշտ տալու հարցին ի պատասխան ասել է Քրիս Ջենները։

Նրա խոսքով՝ «ճիշտ ժամանակն էր դադար վերցնելու, շունչ քաշելու, դանդաղելու և հասկանալու համար, թե որն է լինելու նրանցից յուրաքանչյուրի հաջորդ քայլը»։

«Այսօր առավոտյան ես շատ, շատ հուզված էի։ Արթնացա և առավոտյան 5-ին Քլոեի և Քիմի հետ մարզասրահում էի, մենք նստել ու միմյանց էինք նայում»,- խոստովանել է Ջենները։

Հարցին, թե հայտնի ընտանիքի անդամներից ով է ամենադժվարը տանում իրապատում շոուին հրաժեշտ տալու որոշումը, Քրիս Ջենները պատասխանել է, որ Քլոե Քարդաշյանը։

«Երեկ այդ լուրը պետք է հայտնեինք մեր թիմին, այդ պատճառով բոլորս լաց էինք լինում, բայց կարծում եմ՝ Քլոեն ամենածանրն է տանում», – ասել է նա՝ հավելելով, որ ամբողջ ընտանիքի համար դա շատ «դժվար որոշում է եղել»։

Ինչպես ավելի աղ հաղորդվել էր, նախօրեին Քիմ Քարդաշյանը Instagram-ի իր էջում հայտնել էր ամերիկյան Keeping Up with the Kardashians իրապատում շոուի հրաժեշտ տալու մասին։ Նրա խոսքով՝ իր ընտանիքը դժվարությամբ է կայացրել այդ  որոշումը։

Իր հաղորդագրության մեջ 39-ամյա իրապատում շոոի աստղը շնորհակալություն էր հայտնել «լավ և վատ ժամանակների, երջանկության, արցունքների, բազմաթիվ հարաբերությունների ամբողջ ընթացքում իրենց կողքին լինելու և իրենց հետևելու համար»։

«Անչափ շնորհակալ եմ բոլոր նրանց, ովքեր վերջին 14 անհավանական տարիների ընթացքում հետևել և աջակցել են ինձ և իմ ընտանիքին։ Այս շոուն մեզ դարձրել է այն, ինչ մենք կանք, և ես առհավետ պարտական եմ նրանց, ովքեր դեր են խաղացել մեր կարիերայի ձևավորման գործում և ընդմիշտ փոխել են մեր կյանքը»,- գրել է աստղը։