Քեյթ Ուինսլեթը խոստովանել է, որ ափսոսում է սեռական բռնության համար մեղադրվող ռեժիսորներ Վուդի Ալենի և Ռոման Պոլանսկիի հետ աշխատելու համար

Հոլիվուդյան դերասանուհի Քեյթ Ուինսլեթը Vanity Fair-ի հետ զրույցում խոստովանել է, որ ցավում է սեռական բռնության համար մեղադրվող ռեժիսորներ Ռոման Պոլանսկիի և Վուդի Ալենի հետ աշխատելու համար։

2011-ին Պոլանսկիի «Կոտորած» և 2017-ին Ալենի «Հրաշքների անիվ» ֆիլմերում գլխավոր դերերով հանդես եկած դերասանուհին հայտնել է, որ ինքն էլ չի հասկանում՝ ինչու է համաձայնել համագործակցել ռեժիսորների հետ։

«Հիմա մտածում եմ՝ գրողը տանի, ինչ էի մտածում Վուդի Ալենի և Ռոման Պոլանսկիի հետ աշխատելիս։ Ինձ համար անհավանական է, որ այդ մարդիկ կինոարտադրության մեջ այդքան երկար հարգանք են վայելել։ Դա խայտառակություն է»։

«Իմ մեղքն է, որ աշխատել եմ նրանց հետ։ Ես չեմ կարող հետ տալ ժամանակը և ցավում եմ, որ աշխատել եմ նրանց հետ»,-խոստովանել Է դերասանուհին։

Ռեժիսոր Վուդի Ալենի դեմ սեռական բռնության մեղադրանքները ներկայացվել էին 1992-ին օգոստոսին։ Ռեժիսորի խորթ դուստրը՝ Դիլան Ֆերոուն, պնդում էր, որ մանկության տարիներին սեռական ոտնձգության զոհ է դարձել։ 1992-ին ոստիկանությունը Վուդի Ալենի նկատմամբ հետաքննություն է անցկացրել, սակայն նրա դեմ պաշտոնական մեղադրանք առաջադրելու հիմքեր չի գտել:

Պոլանսկիի դեմ նույնպես բազմիցս սեռական բռնության մեղադրանքներ են առաջադրվել։ 1978 թվականին 44-ամյա ռեժիսորը մեղադրվում էր 13-ամյա ֆոտոմոդելի բռնաբարության համար։ Հետագայում մեղադրանքներով հանդես են եկել ևս չորս կանայք։