Բելգիայի նախկին թագավոր Ալբերտ 2-րդի արտաամուսնական կապից ծնված դուստրը պայքարում է արքայադուստր կոչվելու իրավունքի համար

Բելգիայի նախկին միապետ Ալբերտ 2-րդի արտամուսնական կապից ծնված դուստրը հույս ունի, որ դատարանը նրան կշնորհի նույն իրավունքներն ու տիտղոսները, որն ունեն հոր օրինական զավակները, գրում է The Guardian-ը։

Ալբերտ 2-րդի արտամուսնական կապից ծնված դուստրը՝ 52-ամյա նկարչուհի և քանդակագործ Դելֆին Բոելն իր հայցը ներկայացրել է Բրյուսելի վերաքննիչ դատարան։

Բոելի փաստաբանը հայտարարել է, որ վերջինս ձգտում է հասնել նույն իրավունքներին, տիտղոսներին և արտոնություններին, որն ունեն իր հոր մյուս երեք երեխաները։

Նախկին թագավորի փաստաբանն իր հերթին հայտարարել է, որ Բոելին «արքայադուստր» տիտղոս կարող է շնորհվել միայն թագավորական հրամանով, այլ ոչ թե դատարանի որոշմամբ:

Այս տարվա հունվարին Բելգիայի նախկին միապետ Ալբերտ 2-րդը մեկ հայտարարությամբ վերջ էր դրել տասնամյակներ շարունակ իր անձի շուրջ ծավալվող սկանդալին, որը վերաբերում է արտամուսնական կապից երեխա ունենալուն՝ բացահայտելով, որ հիսունմեկամյա նկարչուհի և քանդակագործ Դելֆին Բոելն իր ապօրինի դուստրն է:

Ալբերտ 2-րդը համաձայնել է ԴՆԹ թեստ անցնել և թեստի գիտական եզրակացությունը ստանալուց հետո ընդունել է, որ Բոելի կենսաբանական հայրն է: Այժմ Բոելը բելգիական գահի ժառանգորդների թվում 15-րդն է։

Հայտնի է, որ նախկին միապետի և Բոելի մոր սիրավեպը ժամանակին սպառնալիքի տակ է դրել թագավորական ընտանիքի ընտանեկան կյանքն ու երջանկությունը: Ալբերտ 2-րդն այս մասին խոստովանել է իր ելույթներից մեկում՝ նշելով, որ ինքն ու թագուհի Պաոլան կարողացել են հաղթահարել ճգնաժամը, որի պատճառով քիչ էր մնում քանդվեր իրենց ընտանիքը: