Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը սկսում է 15-րդ համերգաշրջանը

Սեպտեմբերի 15-ին Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կայանալիք համերգով կմեկնարկի Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի 15-րդ՝ հոբելյանական համերգաշրջանը։
Սեպտեմբերի 14-ին այդ առիթով հրավիրված ասուլիսի ընթացքում Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը նշեց, որ նախատեսված է 50 համերգ, 3 փառատոն, 2 հատուկ նախագիծ, 2 ձայնագրություն և 3 հյուրախաղ։

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը՝ հավատարիմ իր առաքելությանը, շարունակել է հայ կոմպոզիտորների ստեղծագործությունների ձայնագրման գործընթացը։ Մասնավորապես, ձայնագրվել է հայ կոմպոզիտորների 11 ստեղծագործություն։ Այս գործում Սիմֆոնիկը համագործակցել է ձայնագրման ոլորտում հանրահայտ ընկերության՝ «Գրեմիի» նոմինացված PARMA Recordings ձայնագրման ստուդիայի հետ։ Նախորդ համերգաշրջանում կորոնովիրուսի տարածմամբ պայմանավորված՝ մշակութային կյանքը, այդ թվում համերգային գործունեությունը ստիպված էր ենթարկվել համավարակի պարտադրած սահմանափակումներին։ Սակայն Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը համավարակի պայմաններում չի կտրել կապն իր ունկնդիրների հետ։ Նվագախումբը համավարակի պայմաններում ամենաակտիվ գործունեություն ծավալած երաժշտական կոլեկտիվներից է։ Մասնավորապես, տրվել է 38 առցանց համերգ, որոնք ունեցել են մոտ 90 հազար դիտում և 400 հազար հասանելիություն։

Նոր համերգաշրջանի բացման համերգի ընթացքում կհնչեն Տիգրան Մանսուրյանի երեք հատված «Ձյունե թագուհին» բալետից և Անտոնին Դվորժակի 9-րդ սիմֆոնիան։
Նոր համերգաշրջանում Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը կներկայանա նոր ստեղծագործություններով և հայ երաժշտասերներին մեծանուն մենակատարների ունկնդրելու հնարավորություն կընձեռի։