«Մեր սպասվելիք երաժշտական ալբոմին գումարվեցին ևս երկուսը»․ Միքայել Ոսկանյանը՝ MVF Band-ի սպասվելիք նորությունների և առաջին անգամ սոլո ալբոմ թողարկելու մասին

Թառահար, կոմպոզիտոր Միքայել Ոսկանյանի ու նրա MVF Band-ի համար այս ժամանակահատվածը լեցուն է ստեղծագործական և համերգային մի շարք նորություններով։

MVF Band-ը՝ ռեժիսոր Ալբերտ Սարգսյանի հետ, միտք է հղացել պատրաստել տեսահոլովակների կոնցեպտներ, որոնք նկարահանվելու են հայ գրողների թանգարաններում։ Վերջերս նկարահանվել է առաջին տեսահոլովակը Սիլվա Կապուտիկյանի տուն-թանգարանում։ Հաջորդ տեսահոլովակը MVF Band-ը ցանկանում է նկարահանել Հովհաննես Թումանյանի թանգարանում։ Այս շրջանում MVF Band-ը նաև ներկայացրել է «Մախմուր աղջիկը»՝ բոլորովին նոր մոտեցմամբ։

ShowBiz.am-ի հետ զրույցում Միքայել Ոսկանյանը խոսել է թե՛ իր, թե՛ բենդի սպասվելիք նորություններից, անդրադարձել թողարկվելիք մի քանի ալբոմներին՝ խոսելով ներկայիս զբաղվածության, ծրագրերի և ծառացած դժվարությունների մասին։

«Այս ընթացքում բավականին նպաստավոր պայմաններ ստեղծվեցին ստեղծագործական աշխատանքի վրա կենտրոնանալու համար։ Բայց միևնույն ժամանակ այն թերի էր այն առումով, որ չկար դրա իրացման հնարավորությունը։ Միշտ էլ լավագույն տարբերակն այն է, երբ ստեղծագործում ես ու դա կարողանում ես իրացնել, եթե մեկը պակասում է, ամեն բան թերի է ստացվում։ Այո, ինչ-որ մի շրջան բոլորս ակտիվ ստեղծագործական գործին լծվեցինք, բայց հետո այն քիչ-քիչ թուլացավ՝ հասնելով դեպրեսիվ վիճակի։ Իրականում ազատ արվեստագետները այս շրջանում շատ խոչընդոտների բախվեցին, որոնք հիմնային են, ուղղակի կորոնավիրուսն այն, այսպես ասած, «ջրի երես հանեց»»,- պատմում է երաժիշտը։

Այս շրջանում Միքայելն ու ընկերնեը մի քանի ուղղություններով աշխատանքներ են տարել․ «Գրել եմ մի քանի երգեր, ժամանակին սկսած, բայց չավարտած նախագծեր իրականցրինք, այնպես որ շուտով հետաքրքիր նորություններ կլինեն։ Նորություններ սպասվում են թե՛ MVF band-ի շրջանակներում, թե՛ որպես սոլո ներկայացուցչի։ Ի դեպ, սա ևս նորություն է, քանի որ իմ գործունեությունը մշտապես կապված է եղել խմբի հետ, իսկ այս տարի առաջին անգամ հնարավորություն կունենամ ներկայանալու որպես սոլո արտիստ»։

Կարանտինային ընթացքը իր ազդեցությունն ու հետևանքներն է թողել նաև տղաների գործունեության վրա․ «Ունեցանք մի քանի չեղարկված հյուրախաղեր, որոնց թվում էին նաև մի քանի միջազգային փառատոններ։ Հայաստանում ևս մի քանի համերգներ չեղարկվեցին, հետաձգվեց նաև մեր ալբոմի թողարկումը»։

Սահմանափակումների և մշտական լարված իրավիճակի հետ մեկտեղ այս շրջանն առավելեպես բարդ էր հաղթահարել նաև ֆինանսական առումով, Միքայելը կատակում է․ «Այդպես էլ չհասկացանք՝ ինչպես հաղթահարեցինք, որովհետև, եթե անկեղծ լինեմ, մոտավորապես հինգ ամիս ամեն բան զրոյացած վիճակում էր գտնվում, ինչի պատճառով չկար նաև ֆինանսավորում։ Այս ընթացքում շատերի նման մենք ևս ծախսում էինք այն, ինչն արդեն հասցրել էինք կուտակել, սակայն հույս ունեմ, որ այս իրավիճակը վերջապես կնահանջի, և մենք կկարողանանք վերադառնալ մեր բնականոն կյանքին»։

Այս շրջանն առանձնացավ նաև մի շարք նորություններով և նորամուծություններով, իսկ դրանցից առավելապես տպավորվեց հեռավար շփումն ու աշխատանքը․ «Ես ինքս էլ փորձեցի հեռավար մեթոդին դիմել։ Այս ընթացքում նույնիսկ մի նախագիծ իրականացրինք՝ թառանտինը, որը, կարելի է ասել, յուրօրինակ նվեր էր իմ լսարանի համար, սակայն դրանով երկար չես կարող զբաղվել, քանի որ արվեստագետի համար ամենակարևոր տարրերից մեկը իր հանդիսատեսի հետ կենդանի շփումն է»։

Չնայած առաջ եկած բարդություններին՝ «Միքայել Ոսկանյանն ու ընկերները» շուտով հանդես կգան մի քանի ուշագրավ նորություններով։ Խումբը շատ շուտով պատրաստվում է թողարկել իր երկրորդ երաժշտական ալբոմը, որի ստեղծման համար տղաներից մի քանի տարի է պահանջվել։ Սակայն սա նորությունների միայն մի մասն է․ «Մեր սպասվելիք երաժշտական ալբոմին գումարվեցին ևս երկուսը։ Այսինքն՝ այնպես է ստացվում, որ մենք իրար հետևից մինիմում երեք ալբոմ կթողարկենք։ Nightology ալբոմը, որի մասին արդեն երկար ժամանակ է, ինչ խոսում ենք, ամբողջությամբ պատրաստ է, մնում է միայն թողարկման գործընթացը սկսել։ Այս ալբոմում ամբողջությամբ ներառված են հեղինակային ստեղծագործություններ և դրանում մասնակցություն ունի նաև «Հովեր» պետական կամերային երգչախումբը։ Մենք անցած տարի նաև ստուդիո ալբոմ ձայնագրեցինք, որը կլինի և՛ աուդիո, և՛ վիդեո տարբերակով։ Նաև մի քանի տարի է, ինչ աշխատում ենք Ethnology ալբոմի վրա, որտեղ այս ընթացքում եղել են մի շարք համալրումներ: Այս ալբոմն ամբողջությամբ կազմված է ֆոլկ երգերի մշակումներից, այն մեր յուրօրինակ մոտեցումն է ժողովրդական երգարվեստին։ Հավելեմ, որ երևի թե դրանով կսահմանափակենք մեր՝ ֆոլկ մշակելու գործունեությունը։ Իրականում այն շատ կարևոր է երգերի պահպանության և դրանք ժամանակակից նոտաներով ներկայացնելու գործում, բայց մենք մեր ապագան տեսնում ենք հեղինակային ստեղծագործությունների ստեղծման և իրացման մեջ»։

Իսկ վերջում խոսելով իր սոլո ալբոմի մասին՝ Միքայելը նշում է․ «Ինձ ճանաչող մարդկանց համար այն անսպասելի կլինի, քանի որ կտարբերվի նրանից, ինչ ես անում էի մինչ այս։ Նոր ալբոմում կլինեն և՛ երգեր, և՛ գործիքային երաժշտություն, որը կմատուցվի ավելի ժամանակակից մոտեցմամբ»։

Հեղինակ՝ Լուս Ավագյան