«Այսօր նրա մոտ արդեն թեթև գլխապտույտ կար»,«Դպրոցում ընդհանրապես չեն հանել դիմակները»․ ի՞նչ տպավորություններով են դպրոցից եկել հայտնիների երեխաները

Այս տարի ուսումնական տարվա առաջին օրը բավականին տարբերվում էր նախորդ տարիներից, քանզի համաճարակն ու կարանտինը բավականին շատ բան են փոխել ինչպես մեծերի, այնպես էլ փոքրիկների կյանքում։
Ուսումնական տարին այս տարի մեկնարկել է սեպտեմբերի 14-ին, իսկ տոնախմբությանը փոխարինել են դիմակները, ալկոգելը և սոցիալական հեռավորությունը։
Հայտնի ծնողները կիսվել են, թե ինչպես է անցել իրենց փոքրիկների ուսումնական տարվա առաջին օրը և ինչ տպավորություններով են երեխաները վերադարձել դպրոցից։

Դերասանուհի և պարուհի Մանո Գրիգորյանը պատմել է, թե ինչպես է անցել իր երկու դուստրերի՝ ուսումնական տարվա առաջին օրը։
«Յանան ու Էվան շատ լավ տպավորություններով են եկել դպրոցից։ Բավականին դժգոհում են դիմակից, որովհետև այն ազդում է շնչառության, ինչպես նաև շփման վրա։
Հիմնականում չեն հանել դիմակները, միայն վատ զգալու դեպքում են հանել։
Այսօր Յանայի մոտ արդեն թեթև գլխապտույտ կար, ու ես նրան ասել եմ, որ վատ զգալու դեպքում դիմակը հանի, շունչ քաշի, որովհետև ես չեմ ցանկանում դիմակներից հետո ունենալ վատառողջ երեխա։
5 ամիս լինելով իքնամեկուսացման մեջ՝ նրանք անհամբերությամբ սպասում էին դպրոցներին, իսկ հիմա նման վիճակում են գնում դպրոց։

Աղջիկներն, իհարկե, շատ փոքրիկների պես ուզում են գեղեցիկ դիմակներ կրել, սակայն ես չեմ ոգևորում ու չեմ ցանկանում, որ դա իրենց մոտ խաղի վերածվի, որովհետև դա իրականում լուրջ խնդիր է։ Դիմակն, իսկապես, կարող է լուրջ առողջական խնդիր առաջացնել։
Կարծում եմ՝ իսկապես մեղկ են»,- ասում է Մանոն։

Սաթենիկ Հազարյանի դուստրը, ով այս տարի առաջին անգամ է դպրոց գնում, վաղ առավոտյան՝ մինչև դպրոց գնալը, մայրիկի հետ հեռուստաեթերում է եղել ու դարձել է նրա հաղորդման հյուրը։

«Շատ տպավորված է եկել դպրոցից։ Նա գիտակցաբար է դպրոց գնում, որովհետև տանը մեծ եղբայր կա։ Նա գիտի, թե դասագիրքն ինչ է, հիմնականում զբաղվում էր եղբոր դասագրքերը քանդրտելով, դրանց վրա գրելով ու նկարելով։ Նա շատ ոգևորված էր ու ամբողջ օրվա ընթացքում կրկնում էր դասղեկի՝ Անժելա Նիկոլաևնայի անունը, որպեսզի հիշի։
Աղջկաս շատ էր ոգևորում իր հագուստը, պայուսակը, որոնք գնել էի հենց իր ընտրությամբ։
Դիմակներով, իհարկե, իրեն հարմար չէր։ Ինձ ասում էր, որ քրտնում ու շոգում է։ Ես իր համար բժշկական դիմակ էի գնել։ Ինքն արդեն սովոր էր դիմակ հասկացությանը, որովհետև կրում էր նաև մինչ այդ։ Դպրոցում ընդհանրապես չեն հանել դիմակները։
Իր դիմակներն էլ է ինքը ընտրել, չեմ կարող ասել, որ սիրով է կրել, բայց ամեն դեպքում գիտակցաբար կրում է։ Փորձել ենք գունավոր դիմակներ վերցնել, որ գոնե ավելի լավ տրամադրություն հաղորդի»,-պատմում է Սաթենիկը։

Ալլա Լևոնյանն էլ դստեր՝ Շողերի մասին պատմելով նշեց, որ ամեն ինչ այնքան արագ է  կատարվել՝ անգամ չի հասցրել մեկ անգամ լուսանկարել դստերը։

«Դուստրս երկրորդ դասարանում է  սովորում, շատ էի անհանգստանում, թե ինչպես է լինելու դիմակների հարցը, բայց երևի փոքրիկների հարցում ամեն ինչ այդքան էլ խիստ չի եղել։ Բայց դե օրենքին պետք է ենթարկվել, մինչև հասկանանք, թե ինչ է լինում։ Ես երեխաներին բժշկական դիմակներով եմ ուղարկում, բայց հույս ունեմ, որ շատ խիստ չեն լինի։
Կարծում եմ՝ ուրիշ լուծումներ պետք է գտնել, անգամ մենք չենք կարողանում 4-5 ժամ դնել դիմակները, երեխաների համար դա ավելի դժվար է։ Գիտեմ, որ անհարմար է, բայց հասկանում եմ, որ պետք է կրենք։
Շողիկը եկել է տուն շատ ուրախ ու լավ տպավորություններով։ Իհարկե, անցած տարվա սեպտեմբերի 1-ի պես չանցավ, արագ-արագ, մեկ առ մեկ կանչեցին աշակերտներին։ Անգամ չհասցրի նկարել նրան, այնքան արագ կանչեցին, չհասկացանք ինչ կատարվեց»,-կիսվում է Ալլա Լևոնյանը։

Ինգրիտ Կոկչյանի որդին՝ Անրին, ով արդեն 9-րդ դասարանում է  սովորում, ինքը պատմեց, թե ինչպես է անցել իր ուսումնական տարվա առաջին օրը։
«Շատ ուրախ էի, որ վերջացավ այդ կարանտինն ու կյանքը կրկին սովորականի պես դարձավ։ Դիմակներին էլ արդեն սովորել ենք։ Իհարկե, պարբերաբար դասի ընթացքում հանել ենք դիմակները, որպեսզի չխեղդվենք, բայց մեծ մասամբ դիմակներով ենք եղել։
Այն մարդիկ, ովքեր դիմակները կրում են որպես աքսեսուար, դա անում են ոչ թե պաշտպանվելու, այլ չտուգանվելու ու գեղեցիկ երևալու համար։ Ես կրում եմ միայն պաշտպանիչ դիմակներ»,– ասում է Անրին։

 

Անդրանիկ Հարությունյանի կինը՝ Մերի Հովհաննիսյանը պատմեց, որ դուստրը՝ Էլենը, անհամբերությամբ սապսում էր, թե երբ է գնալու դպրոց։ «Օրերն էր հաշվում»,- պատմում է Մերին ու հավելում, որ դասերի ընթացքում աղջիկը եղել է դիմակներով։
«Մի փոքր դժվար է եղել, բայց նա պատվով է դուրս եկել»,-հավատացնում է Մերին։
Մերին նաև նշում է, որ դուստրն ինքն է ըտրել, թե ինչպիսի դիզայնով դիմակ է ցանկանում կրել։

Համացանցում նաև լայն տարածում է գտել Անահիտ Սիմոնյանի որդու լուսանկարը։ Շատերի ուշադրությունը գրավել է հատկապես նրա դիմակը, որի մոդելավորմամբ զբաղվել է հենց Անահիտը։
Նշենք,որ երգիչ Հայկոյի և Անահիտ Սիմոնյանի որդին այս տարի 4-րդ դասարանի աշակերտ է։

Հեղինակ՝ Տաթևեր Լազարյան