Նոր երգ Անահիտ Կիրակոսյանի և Տյոմ Հակոբյանի կատարմամբ. երգիչը բացում է փակագծերը

Տյոմ Հակոբյանն ու Անահիտ Կիրակոսյանը երկրպագուների համար անակնկալ են նախապատրաստել. շուտով կկայանա իրենց զուգերգի պրեմիերան, որի մասին Showbiz.am կայքի հետ զրույցում պատմում է Տյոմը` խոսելով նաև Անահիտի հետ աշխատանքի առանձնահատկությունների, իր ապագա ծրագրերից ու կարանտինի հետևանքով առաջացած ֆինանսական խնդիրներից:

Երգիչը պատմում է, թե ինչպես ստացվեց իր և Անահիտ Կիրակոսյանի համագործակցությունը. «Իմ ու Անահիտի համագործակցությունը սկսվեց, երբ Անահիտը մի օր զանգեց ինձ ու ասաց, որ Ռուսաստանից առաջարկ կա: Այդպես կապվեցի երգի հեղինակ Դավիթ Դոլինյանի հետ, ով պատմեց նախագծի մասին ու ասաց, որ ցանկանում է այդ երգը կատարենք հենց ես ու Անահիտը: Պատահական պարզվեց, որ գործիքավորումն անում է մտերիմ ընկերս` Գոռ Սուջյանը: Ու այդպես սկսվեցին երգի աշխատանքները»:

Երգիչը նշում է, որ արդեն երկար ժամանակ է, ինչ ընթանում էին ձայնագրման աշխատանքները, իսկ հիմա արդեն պատրաստվում են տեսահոլովակի նկարահանումներին:
«Երևի արդեն 2 ամիս է, ինչ ընթանում են այս աշխատանքները, որովհետև երգը դրամատիկ բնույթ է կրում, և ցանկանում ենք ամեն ինչ այնպես անել, որ շատ լավ ստացվի: Հուսամ՝ լավ է ստացվել: Երբ հանձնենք հանդիսատեսի դատին, երևի նրանք էլ այդպես կկարեծեն: Ես ու Անահիտը շատ ուրախ ենք այս համագործակցության համար:

Կարանտինային պայմաններում անցան երգի աշխատանքները, բայց դժվարություններ չեն եղել, որովհետև աշխատող թիմը հավաքվել էր լավ, որակով աշխատանք ստանալու համար: Թե՛ Գոռ Սուջյանը, թե՛ Անահիտ Կիրակոսյանը, թե՛ ես, թե՛ Դավիթ Դոլինյանը ամենավերջին ուժերն էլ ներդրել ենք լավ արդյունք ստանալու համար:
Տեսահոլովակը դեռ քննարկման փուլերի մեջ է: Դավիթի հետ ցանկանում ենք հասկանալ, թե ինչ տեսակի տեսահոլովակ կլինի: Պետք է լինի շատ էմոցիոնալ»:

Տյոմը պատմում է նաև իր և Անահիտի ընկերության մասին` նշելով, թե ինչպիսին է վերջինս աշխատանքի մեջ և ինչից էր բարդույթավորվում ձայնագրման ընթացքում:
«Ասեմ, որ Անահիտի հետ մենք ընկերներ ենք դեռ 2016 թվականից, երբ ես մասնակցում էի «X Factor» նախագծին: Անահիտը գալիս էր գրեթե մեր բոլոր համերգներին, շատ ջերմ վերաբերմունք էր ցուցաբերում, այդպես մտերմացանք, և արդեն հետագայում կապն ավելի ամրապնդվեց:
Նշեմ, որ Անահիտի հետ աշխատանքի մեջ միայն դրական բաներ եմ տեսել: Նա շատ դրական անձնավորություն է: Չորս երեխայի մայր է, բայց ոչինչ չի խանգարում իրեն, որ  աշխատանքը կատարի գերազանց: Նա անգամ նեղվում էր, որ ինքը պրոֆեսիոնալ երգչուհի չի, որ կարող է երգչի պես չերգի ինչոր նոտա, բայց իր աշխատասիրության շնորհիվ ստացել ենք իդեալական արդյունք:
Անահիտի հետ աշխատելը շատ հետաքրքիր էր, բացասական ոչ մի կողմ չկար: Անգամ եթե ինչոր բան մեկի մոտ չէր ստացվում, բոլորս այնպես էինք անում, որ ստացվի, որովհետև սա զուգերգ էր ու պետք էր ստանալ հենց այն արդյունքը, որը մենք էինք ցանկանում»,- կիսվում է  երգիչը:

Տյոմը չի մոռանում ասել, թե ինչպիսին է ինքը աշխատանքի մեջ և խոստովանում է, թե ում խորհրդին էր ամենից շատն ուշադրություն դարձնում այս համագործակցության ընթացքում:

«Ես, ճիշտն ասած, աշխատանքի մեջ սիրում եմ այնպես անել, որպեսզի վերջնական արդյունքն առաջնահերթ գոհացնի ինձ, հետո կողքի մարդկանց կամ ինձ լսողներին: Բզիկներ չունեմ ընդհանրապես, սիրում եմ լսել ինձնից ավելի մեծերին, ովքեր աշխատանքի մեջ բավականին հմտացել են:
Մեր զուգերգի ժամանակ, իհարկե, ավելի շատ լսել եմ Գոռ Սուջյանին, որովհետև ինքն էր երաժշտության պորդյուսինգով զբաղվում: Ինքը ավելի ճիշտ գիտեր, թե ինչ է պետք բոլորիս, ու թե՛ ես, թե՛ Անահիտը հակված էինք լսել հենց Գոռի կարծիքը»,-ասում է նա:

Անդրադառնալով իր կարիերային` երգիչը նշում է, որ կարանտինը բավականին ֆինանասական խնդիրներ առաջացրեց, բայց հավատացնում է, որ դրանք արդեն անցյալում են ու այժմ սկսվում է ստեղծագործական բուռն, նոր շրջան:

«Դե գաղտնիք չէ, որ կարանտինի ընթացքում ամենից շատ տուժած ոլորտը դա մեր ոլորտն է`մշակույթը: Բոլորս մնացել ենք առանց աշխատանքի, չեմ վախենա ասել այդպես: Ստեղծագործական շրջանն էր սառել, որովհետև ոչ մեկ պատրաստ չէր ստեղծագործել, քանզի դրա համար պետք են ֆինանսներ, որոնք այս դեպքում բացակայում էին:
Բայց հիմա կարծես կյանքը վերադառնում է բնականոն հունին: Փառք եմ տալիս  դրա համար Աստծուն: Օրինակ, ինձ մոտ համերգներն արդեն կիրականանան, ու հավատում եմ, որ ամեն ինչ լավ է լինելու»,-ուրախությամբ նշում է արտիստը:

Նշենք, որ նախորդ հարցազրույցում երգիչը պատմել էր իր հոբբիի`video making-ի մասին, որը ցանկություն ունի դարձնելու երկրորդ մասնագիտություն: Տյոմն ասում է, որ դեռ շարունակում է սովորել ու հմտանալ այդ գործում ու արդեն փոքրիկ քայլերով սկսում է իր  կարիերան նաև այդ ոլորտում:

«Բոլոր իմ մտերիմներն ու ծանոթները գիտեն, որ ես սիրում եմ զբաղվել video making-ով, այս պահին դեռ սիրողական մակարդակի վրա է, բայց ես շատ եմ աշխատում իմ վրա, որպեսզի դառնամ պրոֆեսիոնալ, որովհետև շատ եմ սիրում: Երևի երգելուց հետո միակ մասնագիտությունն է, որը կցանկանայի ունենալ: Ինձ համար սիրողական տեսանյութեր եմ նկարահանում: Երգիչների համար փոքր վիդեոհոլովակներ եմ նկարահանել, բայց ուզում եմ խորանալ ու դառնալ լավ ռեժիսոր, օպերատոր: Իհարկե, այս ամենը աշխատասիրության շնորհիվ է լինելու, ու հուսամ՝ կստացվի»,- կիսվում է նա:

Իր խոսքը եզրափակելով` երգիչը հայտնում է, որ երկրպագուների համար կարանտինային երկար դադարից հետո մի շարք նորություններ ունի.«Նորություններ մի քիչ շատ ունեմ, անհամեստութուն չանեմ, բայց քանի որ  կարանտին էր, ամեն ինչ կուտակվել էր: Եվս մեկ տեսահոլովակ ունեմ, որը ցանկանում եմ նկարահանել: Երգի հեղինակը Գոռ Սուջյանն  է:
Եվ ունեմ նորություններ իմ խմբի`OnPlay-ի հետ կապված: Բայց այս պահին չեմ ցանկանա բարձրաձայնել, ավեի լավ է աշխատենք ու մեր աշխատանքով ցույց տանք, քան թե ամպագորգոռ բառերով: Խոստանում եմ  հանդիսատեսին, որ ամենաուշը երկու ամսվա մեջ մենք թույն նորություններ ենք ունենալու: Սպասենք իրադարձությունների զարգացմանը: Եվ ասեմ որ արդեն սկսել ենք OnPlay-ով մեր համերգները, այդ մասին հայտնում ենք մեր ինստագրամյան պաշտոնական էջում»:

 

Տեսանյութ` Տաթևեր Լազարյան