Օբամայի հուշագրության առաջին հատորը կհրատարակվի նախագահական ընտրություններից հետո

ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբամայի երկար սպասված հուշագրությունը լույս կտեսնի նոյեմբերի 17-ին՝ նախագահական ընտրություններից երկու շաբաթ անց, հայտնում է Daily Mail պարբերականը։

Աղբյուրը մանրամասնում է, որ նախագահն իր կյանքի ու նախագահության տարիների մասին հուշերը զետեղել է երկու գրքում․ երկրորդ հատորի հրապարակման մասին տեղեկություններ դեռ չկան։

Penguin Random House հրատարակությունն այսօր հայտարարել է, որ «Խոստացված երկիր»-ը լինելու է առաջին հատորը, որում ներկայացվում է նախկին նախագահի կյանքը՝ մանկությունից մինչև Սպիտակ տանն իր պաշտոնավարման առաջին ժամկետն անցկացնելու տարիները. գիրքն իր կուլմինացիային է հասնում Օսամա բեն Լադենի մահվան պատմությամբ։

Հայտնի է, որ գիրքը բաղկացած կլինի 768 էջից, և վաճառքի կհանվի 45 դոլարով։

«Զգացողություն չունեմ, թե գիրք եմ ավարտել, հպարտ եմ այս գործով։ Վերջին տարիներս նախագահության ժամանակաշրջանը հիշելով եմ անցկացրել և «Խոստացված երկիր»-ում փորձել եմ անկեղծ հաշվետվություն ներկայացնել իմ նախագահական քարոզարշավի ու պաշտոնավարման մասին»,- նշել է Օբաման և ընդգծել, որ հույս ունի, որ գիրքը հետաքրքիր լինելուց բացի, կկարողանա նաև մոտիվացնել երիտասարդներին իրենց ձայնը լսելի դարձնելու և աշխարհն էլ ավելի լավը դարձնելու համար։