Հայաստանը կմասնակցի «Мир гитары» միջազգային երաժշտական փառատոնին

Մշակութային տուրիզմի զարգացման միջազգային ասոցիացիայի նախագահ, Silk Note Festival-ի գեղարվեստական ղեկավար, հայտնի կիթառահար, բազմաթիվ մրցույթների դափնեկիր, արվեստագիտության դոկտոր Ժորա Սարգսյանը ելույթ կունենա «Мир гитары» միջազգային երաժշտական փառատոնի փակմանը:

Համերգը կհեռարձակվի սեպտեմբերի 18-ին, ժամը 20:00 միջազգային փառատոնի պաշտոնական կայքով: Բացի Ժորա Սարգսյանից, հանդես կգան նաև այլ արտիստներ, այդ թվում՝ ՌԴ ժողովրդական արտիստ Դանիիլ Կրամերը, կիթառահար Ռոման Միրոշնիչենկոն, Մոսկվայի «Ռուսական ֆիլհարմոնիա» սիմֆոնիկ նվագախումբը և այլք: Համերգային ծրագրում կիթառի համար գրված ինքնատիպ ստեղծագործություններ են։

Նշենք, որ «Мир гитары» խոշորագույն միջազգային երաժշտական փառատոնին մասնակցում են կիթառի երաժշտության վարպետները: Այն անցկացվում է Կալուգա քաղաքում 1998 թվականից:

Ժորա Սարգսյանը Իտալիայի, Գերմանիայի, Ֆրանսիայի, Խորվաթիայի, Չինաստանի, Ռուսաստանի, Իսպանիայի և այլ տասնյակ միջազգային մրցույթների դափնեկիր է: Սարգսյանը եղել է բազում միջազգային փառատոնների, մրցույթների և ամառային ակադեմիայի գեղարվեստական ղեկավար Գերմանիայում, Իտալիայում Խորվաթիայում, Ռուսաստանում, Նիդերլանդներում, Հնդկաստանում, Հայաստանում, Վրաստանում:

Վարպետության դասերով ու դասախոսություններով հանդես է եկել Համբուրգի, Քյոլնի, Ամստերդամի, Փարիզի, Նեապոլի, Բարսելոնայի, Զագրեբի, Սալոնիկի, Թբիլիսիի, Մոսկվայի, Սանկտ Պետերբուրգի, Տալինի, Վիլնյուսի և այլ երկրների կոնսերվատորիաներում:

Հանդես է եկել Կոնցերտգեբաու, Համբուրգի, Քյոլնի, Մոնտենեգրոյի, Վիվալդիի անվան կամերային և այլ նվագախմբերի հետ: Անսամբլների կազմում որպես կիթառահար հանդես է եկել Սթինգի և Էնրիկե Իգլեսիասի համերգներին: