«Անմիջական, մտածող և ցինիկ»․ Վիկտորյա Սահակյանը՝ բնավորության լավ և վատ կողմերի, հետաքրքիր սովորությունների և «Երկուսով»-ի մասին

Դերասանուհի Վիկտորյա Սահակյանը «Երկուսով» հեռուստասերիալի նկարահանող և դերասանական անձնակազմի հետ միասին երկար դադարից հետո վերադարձել է նկարահանման հրապարակ, ավելին՝ հեռուստասերիալն այժմ արդեն իսկ եթերում է։

ShowBiz.am-ի հետ զրույցում Վիկտորյան պատմեց տևական դադարից հետո նկարահանումներին վերադառնալու դժվարությունների, իր կերպարի հետ տեղի ունեցող փոփոխությունների, ինչպես նաև թատրոնում սպասվող նորությունների մասին և ոչ միայն։

«Ցավոք սրտի, դադարն ավելի երկար տևեց, քան մենք պատկերացնում էինք։ Շատ կարոտած վերադարձանք նկարահանման հրապարակ, շատ արագ վերադարձանք մեր բնականոն ռիթմին ու շատ հավես նկարահանումների օրեր ենք ունենում»,- կիսվում է դերասանուհին, ապա հավելում․ «Կարծում եմ՝ նման երկարատև դադարներից հետո միշտ էլ դժվար է լինում նույն տեմպով աշխատելը, բայց այստեղ ցանկանում եմ ընդգծել մեր նկարահանող խմբի վերաբերմունքը դեպի իրենց աշխատանքը, որոնք ամեն պահի այնպես էին անում, որ մենք ոչ մի կերպ չզգանք այս ամիսների բացը։ Հենց նրանց շնորհիվ է, որ մենք շատ արագ վերադարձանք մեր նախկին աշխատանքային ռիթմին»։

Խոսելով իր կերպարի՝ Եվայի մասին՝ Վիկտորյան ուրախությամբ նշում է, որ հեռուստադիտողին հաստատ դուր կգա այն, ինչ նրանք կտեսնեն հեռուստաէկրաններին․ «Սիրով ուզում եմ ընդգծել, որ կերպարս կունենա հետաքրքիր զարգացումներ։ Կլինեն սիրային հետաքրքիր ինտրիգներ, կերպարը հնարավորություն կունենա ավելի բացվելու։ Մինչ օրս բոլորը Եվային տեսել են մի քիչ գժոտ, ծիծաղելի բնավորության գծերով, բայց հիմա նա կլինի մի փոքր ավելի լուրջ և խորը կերպար»։

Արտակարգ դրությունն իր լուրջ հետևանքներն է թողել Վիկտորյայի աշխատանքի վրա․ «Եթե դու թատրոնի դերասան ես, ապա հնարավորություն չունես չբախվելու նմանատիպ խնդրի հետ։ Մեր գործը կապված է մեծ թվով հանդիսատեսի հետ, դրա համար էլ ցավով ուզում եմ ընդգծել, որ մեզ մոտ իսկապես արտակարգ իրավիճակ էր։ Բայց հույս ունեմ, որ առաջիկա ամիսներին ամեն բան կկարգավորվի և նորից ստեղծագործական հարուստ շրջան կունենամ»,- կիսվում է դերասանուհին, ապա նաև ավելացնում, որ մեծ սպասելիքներ ունի թատրոնի հետ կապված․ «Սրտի տրոփյունով սպասում եմ թատրոնի վերաբացմանը։ Կարծում եմ՝ առաջիկայում արդեն իսկ կվերականգնենք հին ներկայացումները, կսկսենք նորից խաղալ և վստահ եմ, որ նոր ներկայացումներ ևս կլինեն։

Մեզ հետ զրույցում Վիկտորյան բացի վերոնշյալ նորությունները հայտնելուց ավարտին է հասցրել նաև մեր կողմից կազմված մտքերը՝ հետաքրքիր բացահայտումներ անելով իր, իր բնավորության, սովորությունների և նախասիրությունների մասին։

Մտերիմ մարդիկ ինձ դիմելիս իմ անունից բացի օգտագործում են նաև շատ ուրիշ փաղաքշական դիմելաձևեր, մամաս սոխուկ է ասում)):

Ամենամտերիմ մարդիկ գիտեն, որ ես ուրիշներին չեմ պատմում, թե իրենք ինչ գիտեն։

Քննադատություններին վերաբերվում եմ ադեկտվատ, եթե դրանք առողջ են, հասուն, մտածված և արդարացված։

Չեմ սիրում, երբ մարդը դաստիարակված չի լինում, չգիտի հասարակ էթիկայի կանոնները։ Անկեղծ տանել չեմ կարողանում, որովհետև ցանկացած մարդ պարտավոր է տիրապետել այդ տարրական, պրիմիտիվ կանոններին, հակառակ դեպքում ամեն բան այլևս արժեք չի ունենա։

Իմ կյանքն անգույն կլիներ առանց դրա բաղկացուցիչ մասը կազմող յուրաքանչյուր մասնիկի։

Մի քանի տարի անց ես կլինեմ մի քանի տարով ավելի մեծ)) Հուսով եմ ավելի հասուն և խելացի կլինեմ։

Առավոտս սկսվում է ուշ, եթե դա լավ առավոտ է )): Ինչ-որ հատուկ սովորություններ չունեմ՝ սուրճ խմել, ձվածեղ ուտել կամ ուրիշ հատուկ մի բան չի լինում, ամեն առավոտս տարբեր է։

Ես երբեք չեմ ամուսնանա կնոջ հետ։ 😀

Մարդիկ չգիտեն, որ ես 37 համարի կոշիկ եմ հագնում )):

Վաղուց ուզում էի աշխատել ազգությամբ ոչ հայ ռեժիսորի հետ, կարծում եմ՝ շուտով դա էլ կլինի։

Մանկությանս ամենաքաղցր հուշերից է մամայիս ինձ մանկապարտեզ ճանապարհելու պրոցեսը։

Առաջին անգամ սիրահարվել եմ մանկապարտեզում։ Իսկ եթե ավելի գիտակցված տարիքի մասին է խոսքը, ապա 19 տարեկանում։

Կյանքը շատ կարճ է, որ լսես սեփական ձայնային հաղորդագրությունները։

Հանուն սիրո պատրաստ եմ չխոստանալ ոչինչ։

Սիրել նշանակում է ցանկանալ երջանիկ տեսնել դիմացինին, լիովին ձերբազատվել եսասիրության զգացումից, ընդունել, օգնել, պաշտպանել։ Իսկ իրականում էստեղ կարող են հազարավոր այլ բայեր էլ տեղ գտնել։

Աշխատանքի մեջ ամենակարևորը պրոֆեսիոնալիզմն է, ինչով էլ որ զբաղվես, դու դա պետք է անես պրոֆեսիոնալ մակարդակով։

Մասնագիտությանս մեջ ինձ ամենից շատ դուր է գալիս հավատը։

Ինձ կարող է ստիպել կարիերայից հրաժարվել ․․․ չեմ կարողանում այդպիսի մի բան գտնել։

Կյանքս լիովին հաջողված կհամարեմ, եթե ստիպված չլինեմ մտածել հաջողության, գումարի, դիրքի մասին։

Բոլորից շատ սիրում եմ մամայիս, երբեք չեմ հոգնի դա կրկնել։

Եթե կարողանայի, ապա չէի ձգտի։

Բնավորությանս ամենալավ կողմը ընդունել մարդկանց այնպիսին, ինչպիսին նրանք կան։

Բնավորությանս ամենավատ կողմը ինքնազոհողության գնալն է ու կապ չունի, թե հանուն ինչի։

Կամուսնանամ, երբ չգիտեմ, անկեղծ, չգիտեմ այս հարցի պատասխանը։

Եթե երեք բառով նկարագրեմ ինձ, ապա անմիջական, մտածող և ցինիկ, վերջինը, իհարկե, չափի մեջ։

Հեղինակ՝ Լուս Ավագյան