«Նա անչափ հայտնի էր, իսկ ես՝ փառասեր». Ջոն Լենոնին սպանողն իր արարքի համար ներողություն է խնդրել երգչի այրուց

Բրիտանական The Beatles խմբի անդամ Ջոն Լենոնին սպանած Մարկ Չեփմենն իր արարքի համար ներողություն է խնդրել երգչի այրուց՝ Յոկո Օնոյից՝ իր քայլը որպես «արհամարհանքի արժանի» որակելով, գրում է Daily Mail պարբերականը:

Աղբյուրը մանրամասնում է, որ մարդասպանը ներողություն է խնդրել Լենոնի ընտանիքից՝ նշելով, որ անդադար այդ սպանության մասին է մտածում:

«Սպանեցի նրան, որովհետև նա շատ-շատ հայտնի էր, դա էր միակ պատճառը, ես էլ չափազանց մեծ փառք էի փնտրում, անչափ եսասեր էի»,- նշել է Չեփմենը և հավելել, որ այժմ նա շատ ավելի մեծ է ու իր քայլը «արհամարհանքի է արժանի» ու այն «բավականին նսեմ է» համարում:

Հիշեցնենք, որ ԱՄՆ Նյու Յորք նահանգի վաղաժամ ազատման հարցով հանձնաժողովը անցած ամիս 11-րդ անգամ մերժել էր Չեփմենի՝ բանտից ազատ արձակման խնդրանքը:

Մարկ Չեփմենը լեգենդար լիվերպուլյան քառյակի երգիչ Ջոն Լենոնին սպանել է 1980 թվականի դեկտեմբերի 8-ին: Հաջորդ տարի նա դատապարտվել է ցմահ ազատազրկման՝ 20 տարուց համաներման մասին դիմում ներկայացնելու իրավունքով:

Իր նախորդ դիմումներում Չեփմենը հայտարարել է, որ արդեն այն նույն մարդը չէ, որը սպանել է Լենոնին տասնամյակներ առաջ, որ փոխվել է և հոգևոր մարդ է դարձել: