«Այդ նիստերին ներկա գտնվելու ցանկություն չունեմ». Դիանա Տոռեսը` իր դեմ ներկայացված հայցի մասին

Անցյալ շաբաթվանից համացանցը թնդում է երկու դերասանուհիների` Դիանա Տոռեսի ու Տաթև Սարգսյանի միջև եղած սկանդալով ու անդադար բացահայտվող մանրամասներով: Ամեն ինչ սկսվեց, երբ Դիանային հասան Տաթևի ու դիմահարդարներից մեկի հաղորդագրությունները, որոնցում Տաթևը նշում էր, որ չի ցանկանում իր լուսանկարները հրապարակվեն Դիանայի լուսանկարների կողքին, քանզի դա իրեն պատիվ չի բերում: Դիանան վիրավորվել և բուռն էր արձագանքել` իր ինստագրամյան էջի Stories բաժնում հրպարակումներ անելով Տաթևի մասին՝ մասնավորապես անդրադառնալով նրա բարոյականությանը:

Տաթևը անպատասխան էր թողել Դիանայի զանգերն ու հրապարակումները, բայց երեկ երեկոյան լռությունը խախտվեց: Պարզվեց, որ Տաթևը դատարան է դիմել, ինչի մասին նա հայտնել էր Tert.am Life-ին ու նշել. «Յուրաքանչյուր ստի պայթյունի մասին կկիսվեմ դատական նիստից: Հնչած անաստված և գարշելի նախադասությունը՝ «իրեն նույնիսկ իր հայրը չէր սիրում», ևս պիտի գտնի հիմնավորում, ինչին սպասում եմ սրտատրոփ: Կպարզենք: Երբեք  չեմ համակրել խեղկատակի վերածվողներին, այդ իսկ պատճառով էլ սկզբունքներս թույլ չտվեցին մանրանալ: Իսկապես, չեմ պայքարում որևէ մեկին նսեմացնելու մոլուցքով: Ցեխ նետելուց հիշեք` Ձեր ձեռքերին է այն մնում: Ես լոկ պաշտպանում եմ ինձ` սահման չունեցող թույնով ողողված հայտարարություններից, ցինիկ ապատեղեկատվություններից, ֆանտաստիկ երևակայությունից: Ուղարկված սպառնալիքների համար քրեական գործ չի հարուցվի, մեծահոգի կգտնվեմ: Կհանդիպենք դատարանում և, հուսանք, Օրդուխանյանը (Դիանա Տոռեսի իրական ազգանունն է, խմբ.) կներկայանա նիստերին»: Բացի այդ մեկնաբանությունը, Տաթևը նաև իր ինստագրամյան էջում էր հրապարակում կատարել ու կից տեղադրել հայցադիմումը:

Showbiz.am-ը կապ հաստատեց Դիանա Տոռեսի հետ, հասկանալու համար, թե ինչպես է տեղեկացել այն մասին, որ իրեն դատի են տվել, պատրաստվու՞մ է արդյոք ներկայանալ դատական նիստերին և ինչպե՞ս է պատրաստվում պաշտպանել իր շահերը:

– Ե՞րբ և ինպե՞ս եք տեղեկացել այն մասին, որ Տաթև Սարգսյանը Ձեր դեմ հայցադիմում է ներկայացրել դատարան:

– Տեղեկացել եմ երեկ երեկոյան, շատ պատահաբար: Ինձ ոչ-ոք չի հայտնել այդ մասին ու այն, որ Տաթևն իմ դեմ բողոք է ներկայացրել, տեղեկացել եմ BlogNews-ի հրապարակումից:

– Ունե՞ք փաստացի ապացույցներ, որոնց միջոցով կարող եք պաշտպանել ձեր շահերը:

– Առավել փաստացի ապացույցներ, քան այն ամենը, ինչ Տաթևն անձամբ է ինձ պատմել, լինել չեն կարող: Պարզապես լրատվամիջոցներին չեմ ուզում հայտնել դրանք:

– Իսկ ինչու՞ է Տաթև Սարգսյանը Ձեզ հայտնել մանրամասներ, որոնք հատուկ դրական բարոյական նկարագիր չեն տալիս իրեն:

– Տաթևն ինքն է ինձ հայտնել իր մասին շատ մանրամասներ, դեռ այն ժամանակ, երբ իմ տուն էր գալիս պարուսույցիս հետ: Կրկին ասում եմ, ես չեմ խաբել ու չեմ վարքաբեկել անմեղ մարդու։

– Տաթև Սարգսյանը իր տված մեկնաբանության մեջ հույս էր հայտնել, որ Դուք կներկայանք դատական նիստերին: Ի՞նչ եք որոշել:

– Ես այդ նիստերին ներկա գտնվելու ցանկություն չունեմ. կներկայանամ միայն խիստ անհրաժեշտության դեպքում: Իմ փոխարեն գործով կզբաղվի իմ կողմից լիազորված անձը` փաստաբանը: Այն, որ ես դեռ ոչ մի մեկնաբանություն չէի տվել, դեռ չի նշանակում, որ չեմ պաշտպանելու շահերս: