Մայր թատրոնի նոր թատերաշրջանի մեկնարկը կազդարարի «Դեկամերոնը»․ նոր մարտահրավերներ, վերադարձ դեպի արմատներ

Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնն իր 99-րդ թատերաշրջանը բացում է նոր պայմաններով՝ ելնելով երկրում տիրող համավարակի պայմաններից ։
Մայր թատրոնը թատերասերների դատին կհանձնի յուրատիպ, ժամանակակից լուծումներով բացօթյա նոր ներկայացում։ Ջովաննի Բոկաչչոյի «Դեկամերոն» նովելլի հիման վրա բեմադրված նոր ներկայացման պրեմիերան նախատեսված է սեպտեմբերի 25-ին, իսկ մինչ այդ այսօր՝ սեպտեմբերի 23-ին տեղի ունեցավ մամուլի ասուլիս, որին մասնակցեցին ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանը, թատրոնի գեղարվեստական ղեկավար Արմեն Էլբակյանը, թատրոնի տնօրեն Վարդան Մկրտչյանը և ներկայացման բեմադրիչ Լիլի Էլբակյանը։ Նրանք խոսեցին թատրոնի ծրագրերի, խնդիրների, համավարակի պայմաններում ծավալած գուրծունեության, սպասվելիք նորությունների, ինչպես նաև «Դեկամերոն» նոր ներկայացման մանրամասների մասին։

«Պիտի ասեմ, որ շատ փայլուն և բացառիկ տարի էինք սկսել՝ հսկայական ներհոսքով դեպի թատրոն։ Սակայն հայտնի պատճառներով այդ ամբողջը ստիպված եղանք կասեցնել։ Եվ ինչ ծրագրեր, որ ունեիք կապված 2020-ի հետ, բարեհաջող կերպով կարողացանք տեղափոխել առցանց տիրույթ։ Փոխեցինք մեր կրթական հիմնական ծրագիրը՝ «Դասարան + դասականը», որն արդեն հասցրել է իրականացնել իր մարզային ծրագիրը։ Այս շրջանում շատ կարևոր համագործակցություն նախաձեռնեցինք Հայաստանում գործող 14 թանգարանների հետ, ինչպես նաև դրան զուգահեռ հնարավորություն ընձեռնվեց, որ մեր թատրոնի հիմնադիրների գրական ժառանգությունը մեր արտիստները կարողանան ընթերցել։ Այս համատեքստում շուրջ 80 հաղորդում է նկարահանվել և մինչև տարեվերջ ամեն երկուշաբթիից ուրբաթ մեր արտիստներն ընթերցելու են թե՛ մեր թատրոնի հիմնադիրների գրական ժառանգությունը, թե՛ այն թանգարանների, որոնց հետ մենք համագործակցում ենք»,- նշում է թատրոնի տնօրեն Վարդան Մկրտչյանը։

Պարետատնից թույլտվություն ստանալուց անմիջապես հետո թատրոնը նախաձեռնել է բացօթյա ներկայացում։ «Հրավիրեցինք Լիլի Էլբակյանին, ով արդեն համագործակցության շատ հաջող փորձ ունեցել է Մայր թատրոնի հետ և շատ շնորհակալ եմ նրան, որ նա ունեցավ այդ քաջությունն ու ընդունեց իմ առաջարկը։ Կարծում եմ՝ մեր հանդիսատեսին շատ հետաքրքիր պահեր են սպասվում,- պատմում է Վարդան Մկրտչյանը։

Օգտվելով առիթից թատրոնի տնօրենը շնորհակալություն հայտնեց ՀՀ Կառավարությանը, ԿԳՄՍ նախարարությանը՝ մանրամանելով․ «Ամիսներ առաջ, երբ Արայիկ Հարությունյանը շրջայցով գտնվում էր Սունդուկյան թատրոնում, ես նրան ներկայացրի մի շարք խնդիրներ և ի ուրախություն մեզ պետք է ասեմ, որ այս բարդ պայմաններում, այս դժվար իրավիճակում Կառավարությունը մեզ հատկացրեց անհրաժեշտ ամբողջական գումարը, և մենք արդեն սկսել ենք թատրոնի վերանորոգման աշխատանքները»։

Այնուհետև խոսքով հանդես եկավ նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանը․ «Կառավարության համար չափազանց կարևոր է Մայր թատրոնում տեղի ունեցող յուրաքանչյուր իրադարձություն։ Մենք աստիճանաբար մոտենում ենք թատրոնի հարյուրամյակը տոնելուն և ուզում ենք հարյուրամյակը դիմավորել բովանդակային և ֆիզիկական իմաստով նորոգված Մայր թատրոնում։ Մենք ականատես ենք թատրոնի աննկատ փոխակերպմանը, համավարակը իսկապես փոխում է թատրոնի և հանդիսատեսի հարաբերությունների որակը, թատրոնի ընկալման տրամաբանությունը։ Պատմականորեն թատրոնը եղել է հրապարակային հանդիսություն և, կարծես թե, համավարակի պատճառով թատրոնը հետ է նայում դեպի իր խորը անցյալ, և պարզվում է, որ թատրոնն իր հմայքը չի կորցնում անգամ եթե դուրս է գալիս բեմական տուփի տարածքներից։ Ասեմ ավելին՝ այս ամենով թատրոնը ձեռք է բերում նաև կինեմատոգրաֆիկական տարրեր»։

Անմասն չմնաց նաև թատրոնի գեղարվեստական ղեկավար Արմեն Էլբակյանն, ով անդրադարձավ թե՛ թատրոնի խնդիրներին, թե՛ այս պայմաններում աշխատելու դժվարություններին և թե՛ նոր թատերաշրջանում սպասվող նորություններին։ «Ճիշտն ասած՝ մենք մի փոքր դժվարությամբ ենք դիմակայում այս հարձակմանը, որն ուղղված է դեպի մարդկությունը, այդ առումով թատրոնը նույնպես շատ է տուժել։ Իհարկե, ուզում եմ շնորհակալություն հայտնել մեր Կառավարությանը, որովհետև այս ամբողջ ընթացքում նրանք չեն դադարել թատրոնների դերասաններին հատկացնել աշխատավարձ։ Թատրոնը, այսպես ասած, պահպանվեց, բայց շարունակում էր չգործել, իսկ դա թատրոնի մարդու համար շատ դժվար մի ընթացք էր։ Այս շրջանում թատրոնը սկսեց որոնել նոր արտահայտչամիջոցներ հանդիսատեսի հետ շփվելու համար։ Եվ կարծում եմ, որ գուցեև ոչ բոլոր տարբերակներն էին արդյունավետ, բայց դրանք նույնպես առիթ տվեցին մտածելու, թե ինչպիսին պիտի լինի թատրոնն այսօր և ինչպիսի տրանսֆորմացիաների կարող է ենթարկվել մտածողությունը, շփման կերպերը՝ հանդիսատեսի հետ ընդհանուր եզրեր գտնելու համար։ Եվ այդ իսկ պատճառով էլ Մայր թատրոնը փորձեց դուրս գալ իր մեծ բեմի շրջանակներից ու ըստ իս՝ այն շարունակական բնույթ կունենա, որովհետև այո, թատրոնը սկսվել է հրապարակից և, կարծես, նորից վերադառնում է հրապարակ։ Ուրախությամբ ուզում եմ ասել, որ մենք բացում ենք մեր նոր թատերաշրջանը և վստահ եմ, որ հանդիսատեսը լավ առիթներ կունենա թե՛ այստեղ հետևելու ներկայացումներին (հեղ․ դրսում), թե՛ մեծ բեմում։ Եվ վերջապես կսկսվի թատերական կյանքը, որի կարիքն իրոք կա, որովհետև թատրոնը որպես երևույթ, որպես փիլիսոփայություն խիստ կարևոր է մարդկանց համար, քանի որ այն մարդկությանն օգնում է ազատագրվել իրենց շուրջ տիրող քաոսից»,- նշում է Արմեն Էլբակյանը։

Իսկ արդեն բուն ներկայացմանն ու դրա ձևավորման ընթացքին անդրադարձավ բեմադրության հեղինակ Լիլի Էլբակյանը․ «Շատ շնորհակալ եմ պարոն Մկրտչյանին այսպիսի հրավերի համար և նաև ուզում եմ շնորհակալություն հայտնել մեր անձնակազմին, քանի որ իսկապես քրտնաջան ու շատ մեծ աշխատանք է տարվել այս ընթացքում։ Նաև ուզում եմ մի փոքր խոսել, թե ինչու՞ «Դեկամերոն», ինչու՞ դրսում, ինչու՞ այսօր բեմադրել հենց այս գործը։ Ասեմ, որ գործում կարմիր գծով խոսվում է ժանտախտի մասին և հենց դրա թեման է, որ անընդհատ բացվում ու ծավալվում է ամբողջ պիեսի ընթացքում, և ես կարծում եմ, որ այն շատ նման է մեր օրերին, շատ նման է համավարակի ընթացքում մեր ունեցած զգացողություններին ու ապրումներին։ Երբ պրն Մկրտչյանն ինձ հարցրեց՝ ի՞նչ բեմադրել, միանգամից մտածեցի «Դեկամերոն»-ի մասին։ Այդպիսով՝ ծնվեց մեր բացօթյա ներկայացումը, որը շատ դժվար է կայացել, որովհետև դրսում անընդհատ փորձեր անել, այն էլ այս պայմաններում, իրոք, շատ բարդ էր։ Այն, ինչը դուք կտեսնեք, մեծ աշխատանքի արդյունք է»։

Խոսելով ներկայացման առանձնահատկությունների և այն նախկինում արդեն իսկ բեմադրելու մասին՝ Լիլին հավելում է․ «Սա նույն պիեսի վրա գրված նոր ներկայացում է, կան ինչ որ բաներ, որոնք պահպանվել են, բայց սա լրիվ նոր բան է՝ նոր դերասանական կազմով, նոր երաժշտությամբ, Մարիամ Շահինյանը նոր երգեր է գրել այս ներկայացման համար։ Միգուցե մոտեցումը՝ բանալին, նույնն է, բայց ներկայացումն ամբողջովին տարբեր է»։

Լիլին այս ներկայացման մեջ հանդես է գալիս թե՛ որպես բեմադրության հեղինակ, թե՛ որպես դերասանուհի․ «Սա իմ առաջին փորձն էր, երբ ես մեկ ներկայացման մեջ և խաղում եմ, և այն բեմադրում։ Այս պարագայում դու չես կարողանում ընդհանուր պատկերը կողքից տեսնել։ Շատ պատահական եմ որոշել խաղալ, որովհետև սկզբում պիտի լիներ կենդանի երաժշտություն, ես պետք է նվագեի, հետո հասկացանք, որ դրսում այդ ամենն իրականացնելը շատ բարդ կլինի, ամեն ինչ փոխվեց, ու արդյունքում ես դարձա դերասանուհիներից մեկը»։

Ներկայացմանը հնարավոր կլինի հյուրընկալել ընդամենը թվով  50 հանդիսատեսի, դրանք առայժմ կշարունակեն լինել բացօթյա ձևաչափով։ Ներկայացումը նախատեսված է խաղալ 12 անգամ, քանի որ հանդիսատեսի հոսքը շատ է, իսկ թույլատրելի քանակը սահմանափակ։

Անդրադառնալով այն հարցին, թե այսպիսի պայմաններում որքանով է հնարավոր բավարար շահույթ ստանալը՝ թատրոնի տնօրենը նշում է․ «Գ․ Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնը շահույթ չհետապնդող կառույց է, և մեզ համար շատ ավելի կարևոր է ներկայացումն իրականացնելը, շատ ավելի կարևոր է հանդիսատեսի հետ կապը չկտրելը, քան այդ կապից անպայմանորեն շահույթ ստանալը։ Եվ սա պետական թատրոնի առավելությունն է, պետական թատրոնը կարող է իրեն թույլ տալ այս մոտեցմամբ առաջնորդվել, չէ՞ որ պետական հովանավորչության փլիսոփայությունը հենց դրանում է կայանում»։

Հեղինակ՝ Լուս Ավագյան