«Խաղալիքների պատմություն 4» մուլտֆիլմի ստեղծողներին դատի են տվել հերոսներից մեկի պատճառով

«K&K Promotions» ընկերությունը դատական հայց է ներկայացրել «Disney»-ի դեմ։ Պատճառը «Խաղալիքների պատմություն 4» մուլտֆիլմն է, իսկ ավելի կոնկրետ՝ դրա հերոսներից մեկը։

«Disney» ընկերությունը անիամցիոն ֆիլմի չորրորդ մասում Դյուկ Բուբումս անունով կասկադյոր- մոտոցիկլավարի կերպար է ավելացրել։ Իսկ «K&K Promotions»-ի ղեկավարը հայտնի կասկադյոր Իվել Քնիվելի որդին է։ Նրա խոսքով՝ «Խաղալիքների պատմություն 4» մուլտֆիլմում ավելացած նոր հերոս Դյուկ Բուբումսի կերպարը իր հոր նմանակումն է, և անգամ այդ հերոսի հագուստի դիզայնը գողացած է Իվել Քնիվելի արձանիկից, որը թողարկվել է 1970-ականներին։

«K&K Promotions» ընկերությունը պնդում է, որ կերպարի, պատմության ու Իվել Քնիվելի ապրանքանիշի նկատմամբ բացառիկ հեղինակային իրավունքներ ունի։ Կասկադյորի որդին ասում էմ որ «Խաղալիքների պատմություն 4» մուլտֆիլմում իր հոր կերպարի ընդօրինակման համար հավանություն չի տվել, քանզի իրեն անգամ չեն դիմել այդպիսի առաջարկով։