«Դետք»-ը 5 տարեկան է․ հեռացած սոլիստների, «Դեպի Եվրատեսիլ»-ի անարդարության ու նոր ծրագրերի մասին

Փոփ, սոֆթ, ռոք ժանրում ստեղծագործող «Դետք» խումբը, որի անդամներն են Արման Պետրոսյանն ու Վահան Կիրակոսյանը, շուտով կներկայացնեն իրենց նոր ալբոմը, որը նվիրված է խմբի 5-ամյակին։
Այս թեմայի շուրջ Showbiz.am կայքը խոսեց խմբի հիմանդիր, պրոդյուսեր Արամ Ամպի հետ, ով պատմեց անցած ճանապարհի, խումբը լքած երգիչների, ապագա ծրագրերի մասին։

Նոր ալբոմի մասին
«Լույսը բացվելիս» ալբոմում զետեղված է 11 երգ։ Ներկայացված է էլեկտրոնային փոփ, տեխնո-փոփ ժանրի երաժշտություն: Երգերի երաժշտության հեղինակն Արման Պետրոսյանն է, իսկ երգերի հիմքում հայ, բրիտանացի, իսպանացի, ռուս և այլ ազգերի գրողների բանաստեղծություններն են: Նրանցից են Համո Սահյանը, Նաիրի Զարյանը, Գաբրիել Գարսիա Լորկան, Սերգեյ Եսենինը և այլք:
Նոր ալբոմը ԿԳՄՍ-ի և «Սիլ ինշուրանս»-ի հետ համատեղ համագործակցության արդյունք է։ 

Ինչպե՞ս ծնվեց գաղափարը
Երբ կարանտինի պատճառով ստուդիան տեղափոխեցինք խմբի անդամներից Արման Պետրոսյանի տուն, սկսեցինք գրքեր շարել պատերին, որպեսզի ակուստիկան լավ լինի։ Ու այդպես մեր Արմանը մի օր վերցրեց Համո Սահյանի գիրքը ու բանանստեղծությունը կարդալիս մտքին մեղեդի եկավ։ Այդ երգն արագ ձայնագրվեց ու հետաքրքիր լուծմամբ բան ստացվեց։ Նման բան ԱՊՀ երկրների շարքում առաջինը Ալլա Պուգաչովան է սկսել անել Խորհրդային Միության տարիներին։
«Դետք»-ի երաժշտությունը փոքր-ինչ այլ է՝ մի քիչ երիտասարդական, էլեկտրո-փոփ ոճի մեջ է։

Սպասվող տեսահոլովակի մասին
Նոր տեսահոլովակի պրեմիերան կլինի շուտով, երգի անունը դեռ ցանկանում ենք պահել գաղտնի, այն հենց «Դետք»-ի 5-ամյակին է նվիրված և այն մարդկանց, ովքեր «Դետք»-ի կողքին են եղել՝ լրագրողներից սկսած մինչև ռեժիսորներ։

Կարանտինի պատճառով հետաձգված ծրագրերը
Պետք է այցելեինք մի քանի երկիր՝ մասնակցեինք Եվրոպայում նկարահանումների։
Աշնանը պետք է Ճապոնիայում միջոցառման մասնակցեինք։ Բոլորը հետաձգվեցին։ Բայց դրանք կիրականանան։

Կարանտինի պատճառով կրած ֆինանսական կորուստների մասին
Քանի որ «Դետք»-ը ռեստորաններում կամ ակումբներում ելույթ չի ունենում, այլ ժամանակ առ ժամանակ հրավիրվում է կորպորատիվ միջոցառումների, մենք հիմնականում ֆինանսական լուրջ կորուստներ չունենք։ Քանի որ «Դետք»-ի երաժշտությունն այն մասսայականությունը չունի, այլ իր ուրույն ոճն ունի, ֆինանսական առումով փոփոխություն չեղավ, հակառակը՝ մենք նոր ալբոմ ենք սկսել ու նոր տեսահոլովակ ունենք։
Թե երգ ձայնագրելը, թե տեսահոլովակ նկարահանելը թանկարժեք ճոխություններ են, բայց քանի որ ունեինք գործընկերներ, նրանք տրամադրեցին դրամաշնորհ և ունեինք նաև հովանավոր, ինչի շնորհիվ կարողացանք իրականացնել տեսահոլովակի մտահաղացումը։
«Դեպի Եվրատեսիլ» -ում անարդարության և կրկին մասնակցելու մասին
Մենք «Դեպի Եվրատեսիլ» նախագծին այս տարի հայտ ներկայացրեցինք Հանրային հեռուստաընկերություն, սակայն եվրատեսիլյան անձնակազմը գործեց ոչ պրոֆեսիոնալ, դիլետանտ և անթաքույց անարդար։
Քանի դեռ Հանրային հեռուստաընկերությունում գործում է Եվրատեսիլ մրցույթի հենց այս պատվիրակությունը, մենք դժվար փորձենք ինչ-որ բան անել, որովհետև այդ դիլետանտությունն այն մակարդակի էր, որ նույն տեղը գնալու ու նույն մարդկանց հետ շփվելու իմաստ չկա, քանզի մտածելակերպը երաժշտության շուրջ ծայրահեղ տարբերվում է, և «Դեպի Եվրատեսիլ» շոուի ժամանակ դա հաստատեցին նաև ունկնդիրները։
«Դետք»-ի այս տարվա երգը, որը մասնակցեց մրցույթին, որոշեցի, որ պետք է գրեն նրանք, ովքեր այդ մրցույթի հետ կապ ունեն, ովքեր միջազգային ճանաչում ունեցող մարդկանց հետ են աշխատել ու շատ պրոֆեսիոնալ են։ Մեր երգը գրել են Շվեդիայում այն երաժիշտները, ովքեր աշխատել են Դուա Լիպայի,Դևիդ Գետայի, եվրատեսիլյան արտիստների հետ։ Ի սկզբանե, երբ «Դետք»-ին մերժեցին, ես կարծեցի, որ կամ անձնական մոտեցում կա, կամ մյուս երգերը շատ ուժեղ են։ Հետո, երբ տեսա՝ ովքեր են անցել, ովքեր են այդ մարդիկ, ինչ կենսագրություն ունեն, ինչ են երգել ու հիմա ինչ են երգում, հասկացա, որ այստեղ կարևորը «Դետք»-ին մերժելը չէր, կարևորը, որ իրենք իրենց ուզած մասնակցին անցկացնեին։ «Դետք»-ը, եթե անցներ, այդ մասնակցին կարող էր խանգարել։
Մեր երգի հետ կապված հաստատ կարող եմ ասել, որ երգը կարող էր «Դեպի Եվրատեսիլ» մրցույթում հաղթել, բայց ունենք այն, ինչ ունենք։
Այն ժյուրիները, որոնց նրանք ընտրում են, իրենց արտադրանքը ներկայացրել են 15 տարի առաջ․ օրինակ, Նաիրա Գյուրջինյանը, ում արտադրանքը տեսել ենք 12 տարի առաջ «Ջեզլ» խմբի ներկայացմամբ։ Ու նորմալ չի որ ժամանակակից աշխարհում, ամենաժամանակակից մրցույթներից մեկում, որն այս տարի անցնելու էր էլեկտրոնային երաժշտության հայրենիքում՝ Նիդերլանդներում, ժյուրիի կազմում նստած էին նման մարդիկ։

5 տարվա մեջ «Դետք»-ի կորուստներն ու ձեռքբերումները
Ամեն անգամ, երբ մենք ինչ-որ սոլիստից բաժանվում ենք, դա իհարկե, կորուստ է։ Որովհետև բոլոր սոլիստներն էլ խմբում եղել են որպես ձեռքբերում։ Ինչ-որ պահի այդ ձեռքբերումը կորստի է վերածվել։
Իսկ հիմնական ձեռքբերումը այն երգերն ու տեսահոլովակներն են, որոնք իրենց մեջ ունեն գաղափար։

Խմբից մասնակիցների հեռանալու մասին
Մենք խմբից երբեք ոչ մեկին չենք հանել։ Մեր խմբից գնացել են, մենք չեն ցանկացել, որ նրանք գնան։
Ինձ համար խնդիր է յուրաքնաչյուրի գնալը, որովհետև ամեն ագամ ես բոլոր երգերը պետք է նորից ձայնագրեմ։
Յուրաքանչյուր խմբում, նույնիսկ աշխարհահռչակ խմբերում նման փոփոխություններ լինում են։ Էլ չեմ ասում մեր երկրում, որտեղ խմբակային աշխատանքն ամենադժվար բաներից է, ու հիմա, երբ  մտածում եմ, որ հինգ տարի է անցել, զարմանում եմ։

Ինչո՞ւ հեռացավ Արեգ Շահինյանը
Արդեն չեմ էլ հիշում, ճիշտն ասած։ Արեգի պատմությունը մի   փոքր երկար է։ Երբ առաջին տեսահոլովակից հետո որոշվեց, որ խումբը պետք է մնա, այդ ժամանակ մենք արդեն Արեգին փոխարինող էինք ման գալիս, որովհետև Արեգը չէր երգում։ Ես կարծում եմ, որ բեմ բարձրանալուց գլխավոր ֆունկցիան՝ երգելը, պետք է լիակատար լինի։ Մի կողմից պատճառն այդ էր, մյուս պատճառն այն էր, որ Արեգը մասնակցել էր ինչ-որ նկարահանումների, որոնք մեր կողմից հաստատված չէին։
Բացի այդ խումբը բաժանվում էր՝ խումբը գնում էր բանակ։
Երևի առաջին անգամ եմ խոսում նրա գնալու մասին։

Ինչո՞ւ հեռացավ Ներսես Ավետիսյանը
Ներսեսի դեպքում պայմաններ կային, որոնք ինքն առաջ քաշեց, բայց մենք դեռ այդ պայմաններով չէինք առաջնորդվում։
Ես հասկանում եմ, որ իրենք այն ժամանակ բավականին երիատասարդ էին ու «Դետք»-ը ճանաչում ստացավ արագ, իսկ երիտասարդները շատ արագ կորցնում են իրականությունը պստլիկ հաջողության մեջ, ու ինչ-որ առումներով մեր առուները նույն գետով չհոսեցին, և ես էլ ասացի, որ պայմաններն այսպիսին են՝ կամ մնում ես, կամ գնում ես։ Ինքն ընտրեց գնալը։

Ինչո՞ւ հեռացավ Միքայել Մելքումյանը
Ես Միքայելին տվել եմ ժամանակ, ասել եմ, բացատրել։ Վատ առումով ու խիստ խոսակցություն չի եղել։ Նա մինչ այդ կամավոր էր խմբում, երբ իրենք զորացրվեցին, գիտեին՝ կար դժվար ճանապարհ անցնելու՝ փորձերը, պատրաստվածությունը, սպորտը, երգերի բառերը անգիր սովորելը  ու տարբեր մանր-մանր խնդիրներ, որտեղ Միքայելը սկսկեց կաղել շատ լուրջ ու ինչ-որ պահի ինքն էլ հասկացավ, որ չի կարողանում և չի հասցնում, հետ է մնում տղաներից։
Ու այդպես ես չէի ցանկանում, բայց Միքայելը ևս անցավ թոշակի։

Ինչպիսի՞ն են նախկին մասնակիցների հետ հարաբերությունները
Խումբը լքած տղանների հետ, իհարկե, եղել են լարված ժամանակներ։ Որ ասեմ հիմա շփվում ենք, սուտ կլինի, Միքայելի հետ, ցավոք սրտի, շփում չկա ո՛չ իմ, ո՛չ տղաների կողմից, դա շատ ցավալի է, որովհետև նրանք նաև նույն զորամասում միմյանց հետ ծառայել են։ Չեմ կարող ասել՝ ով է պատճառը, դա ինձ համար անհասկանալի է, բայց իրենք արդեն մեծ մարդիկ ենք, ու իրենք են դա որոշում։

Ո՞վ կփոխարինի Միքայելին
Ցանկանում էի երրորդ արտիստին բերել խումբ, բայց Արմանն ու Վահանը որոշեցին, որ կմնան եկուսով, չցանկացան։

Խմբի գլխավոր նպատակը
Խումբը հիմնադրելու սկզբում առհասարակ խոսքը գնում էր միայն մեկ երգի մասին, հետո արդեն կարծում էինք, որ նույն խմբի անվան տակ այլ արտիստներ հանդես կգան, բայց տղաներն ասացին, որ իրենք ուզում են լինել խումբ ու ելույթ ունենալ այդ անվան տակ։ Մեր գլխավոր նպատակն է, որպեսզի իրենց ստեղծած երաժշտությունն ինչ-որ առումով դառնա հայկական ժամանակակից ձեռագրերից մեկն աշխարհում։
Իսկ դրա համար հինգ տարին այն թիվը չէ, որ կհերիքի, խոսքը երկարաժամկետ աշխատանքի մասին է, բայց ինչ-որ տեղից պետք է սկսել։ Հիմա խմբում ստեղծագործում են Արմանն ու Վահանը։ Հիմա ամբողջ ստեղծագործական ծանրաբեռնվածությունը՝ երգի ու խոսքերի առումով նրանց վրա է։