Իսպանիայում ռեժիսորին դիմակ չկրելու պատճառով վռնդել են սեփական ֆիլմի պրեմիերայից

Ֆրանսիացի ռեժիսոր Էժեն Գրինին դիմակ չկրելու համար վռնդել են սեփական ֆիլմի (Atarrabi et Mikelats) պրեմիերայից։ Միջադեպը տեղի է ունեցել Սան Սեբաստիանի կինոփառատոնի ժամանակ:

Միջոցառման մեկնարկից առաջ փառատոնի կազմակերպիչները սահմանել են մի քանի կանոն, որոնց համաձայն՝ կորոնավիրուսի տարածումը կանխարգելելու նպատակով մասնակիցները և հյուրերը պետք է լինեն պաշտպանական դիմակներով: Ինչպես ասված է մամուլի հաղորդագրությունում, Էժեն Գրինը 5 անգամ անտեսել է կազմակերպիչների՝ դիմակ կրելու խնդրանքը և «սպառնալիքի տակ է դրել այլ մարդկանց առողջությունը»։

Նշվում է, որ փառատոնի կազմակերպիչները ոստիկանություն են հրավիրել․ իրավապահները կինոթատրոնից դուրս են բերել ռեժիսորին։ Սանիտարական նորմերը խախտելու համար Գրինին նաև տուգանք է սպառնում։

Նշենք, որ Սան Սեբաստիանի 68-րդ միջազգային կինոփառատոնն անցկացվում է սեպտեմբերի 18-26-ը: