«Թուրքիան պետք է դադարեցնի իր օժանդակումը այս հարձակմանը»․ Հենրիխ Մխիթարյանի կոչը միջազգային հանրությանը

Հայաստանի ազգային հավաքականի ավագ և «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը միջազգային հանրությանը ևս մեկ անգամ ահազանգել է Արցախում և Հայաստանում Ադրբեջանի ձեռնարկած ռազմական գործողությունների մասին:
«Ղարաբաղում ռազմական թեժ գործողությունները շարունակվում են, երկու կողմից էլ շատ զոհեր կան: Ռմբակոծվում է նաև Հայաստանի Հանրապետության տարածքը: Սեպտեմբերի 27-ի առավոտից սկսած խաղաղ բնակչության դեմ Ադրբեջանի հարձակումը խիստ դատապարտելի է: Մարդկության դեմ այս բռնության և հանցագործության անհապաղ դադարեցումը հրատապ ու կենսական նշանակություն ունի: Թուրքիան պետք է դադարեցնի իր օժանդակումը այս հարձակմանը` ներառյալ օտարերկրացի ահաբեկիչ մարտիկների հավաքագրումը` հայերի դեմ հարձակման համար: Կոչ եմ անում միջազգային հանրությանը, դաշնակիցներին շտապ միջամտել հերթական ցեղասպանությունից խուսափելու համար»,-գրել է նա:

Հիշեցնենք, որ ֆուտբոլիստը ևս մեկ գրառում էր արել, որում կոչ էր արել միջազգային հանրությանը շտապ ոտքի կանգնել ու դադարեցնել տարածաշրջանային խաղաղության և անվտանգության դեմ ռազմական գործողությունները` նշելով, որ ինքը միշտ իր ազգի հետ է: