Մոսկվայի միջագային կինոփառատոնի հանձնաժողովը հրաժարվել է ցուցադրել արցախյան պատերազմի մասին պատմող «Դրախտի դարպասը» ֆիլմը

Լեռնային Ղարաբաղում հակամարտության սրումից անմիջապես հետո Մոսկվայի միջագային կինոփառատոնի հանձնաժողովը հրաժարվել է ցուցադրել հայտնի ռեժիսոր Ջիվան Ավետիսյանի ֆիլմը, որը 1990-ական թվականներին Արցախում տեղի ունեցած պատերազմական գործողությունների մասին է. rbc.ru կայքին ֆիլմի ցուցադրության չեղարկման մասին իր կարծիքն է հայտնել հենց ռեժիսորը:
«Դրախտի դարպասը» («Gate to Heaven») ֆիլմի հեղինակի խոսքով՝ ցուցադրությունը չեղարկվել է մարտական գործողությունների վերսկսման լուրը հայտնի դառնալուն պես:

«Անկեղծ կլինեմ՝ դա խորապես վիրավորել է ինձ որպես մարդ և որպես ֆիլմի հեղինակ: Իմ կարծիքով՝ որքան էլ մեծ լինի քաղաքական ազդեցությունը, փառատոնները երբեք չպետք է ենթարկվեն դրան: Հակառակ դեպքում կինոփառատոները կդադարեն արվեստը հասարակությանը ներկայացնելու լավագույն օղակը լինել: Խորապես ցավում եմ նման որոշման համար»,- հայտարարել է ռեժիսորը:

Նշվում է, որ ֆիլմի ցուցադրությունը չեղարկվել է՝ անվտանգության նկատառումներից ելնելով:
«Ռազմական գործողությունների սրման ֆոնին որոշվեց Մոսկվայում Արցախի շուրջ հայերի և ադրբեջանցիների բախումներից խուսափելու համար հրաժարվել ֆիլմի ցուցադրությունից՝ չնայած որ կինոնկարը լավն էր»,- նշել է փառատոնի ծրագրային տնօրեն Կիրիլ Ռազլոգովը: