«Ես ներողություն եմ խնդրում և դեռ շարունակում եմ հարձակումների ենթարկվել». Cardi B-ն ջնջել է Հայաստանին աջակցելու մասին իր սթորին

Ամերիկացի հիփ-հոփ երգչուհի Cardi B-ն Ինստագրամի իր էջի Stories բաժնում տեղադրել էր Հայաստան համահայկական հիմնադրամի կոչը` աջակցություն ցուցաբերել Հայաստանին: Լուսանկարում գրված էր դրամահավաքի օրն ու ժամը, ինչպես նաև, որ Հայաստանն ու Արցախը ուժեղ են: Երգչուհին ջնջել է իր սթորին և Թվիթերի իր էջում պարզաբանում հրապարակել:

Cardi B-ն Թվիթերի իր էջում վերահրապարակել է իրեն ուղղված մի օգտատիրոջ գրառում, որում նշված է, որ ինքը պետք է պատմություն սովորի օնլայն տարբերակով և գրել է. «Ես ահաբեկչությունը չեմ պաշտպանում: Ես այդ սթորին տեղադրել էի ընկերոջս համար` առանց իմանալու, թե ինչ է կատարվում: Ներողություն եմ խնդրում: Ես պատերազմի կողմնակից չեմ: Երկու երկրների միջև բախումների կողմնակից չեմ»:

Երգչուհին նաև տեսանյութ է տեղադրել, որտեղ ասում է, որ ծանոթ չէ երկու երկրների պատմությանը և երկու երկրների մարդիկ էլ իրեն գրում են: «Ես չգիտեմ, թե ինչ է կատարվում, ես ապրում եմ իմ երկրում և ներողություն եմ խնդրում, ես միայն խաղաղություն եմ ցանկանում: Ես չեմ ցանկանում, որ մարդիկ զոհվեն, միլիոն անգամ ներողություն եմ խնդրում»,-ասում է տեսանյութում Cardi B-ն` վերջում գոռալով, որ ոչինչ չգիտի:

Տեսանյութին կից երգչուհին նաև գրառում է արել. «Քանի անգամ պետք է նույնը կրկնեմ: Ես այդ սթորին տեղադրեցի ընկերոջս համար և արթնացա հարձակման ենթարկված: Ես իմ հետազոտությունը չեմ անցկացրել, ներողություն եմ խնդրում, չգիտեմ, թե ինչ է կատարվում: Ես միայն խաղաղություն եմ ցանկանում: Ես ներողություն եմ խնդրում և դեռ շարունակում եմ հարձակումների ենթարկվել»:

Cardi B-ն ևս մեկ գրառում է արել, որտեղ նշել է, որ խաղաղություն է ցանկանում ամբողջ աշխարհում: