«Ես նվիրաբերում եմ 1 միլիոն դոլար՝ նրանց օգնելու համար և կոչ եմ անում ձեզ միանալ ինձ»․ Քարդաշյանը 1մլն դոլար կնվիրաբերի Արցախին

Ամերիկահայ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը մեկ միլիոն դոլար կփոխանցի «Հայաստան» համահայկական հիմնադրամին:
Այս մասին Քարդաշյանը տեղեկացրել է սոցցանցերի իր պաշտոնական էջերում տեսաուղերձի միջոցով և հորդորել հետեւել իր օրինակին՝ նշելով, որ անկախ գումարի չափից, յուրաքանչյուր նվիրատվություն կարեւոր է:
«Պատիվ ունեմ միանալ «Հայաստան» համահայկական հիմնադրամին աջակցելու համաշխարհային ջանքերին: Ես բարձրաձայնել եմ Հայաստանում և Արցախում տիրող իրավիճակի մասին: Իմ մտքերն ու աղոթքներն այնտեղի խիզախ տղամարդկանց, կանանց և երեխաների հետ են: Ուզում եմ, որ բոլորը հիշեն՝ չնայած մեզ բաժանող հեռավորությանը, մենք սահմաններով սահմանափակված չենք և մեկ միասնական ազգ ենք:

«Հայաստան» համահայկական հիմնադրամը սննդամթերքով, կացարանով և դեղորայքով օգնում է նրանց, ովքեր այս ճակատագրական պահին դրա կարիքն ունեն:
Ես նվիրաբերում եմ 1 միլիոն դոլար՝ նրանց օգնելու համար և կոչ եմ անում ձեզ միանալ ինձ:
Անկախ նրանից, դուք օգնում եք սոցիալական հարթակներում բարձրացնել մարդկանց իրազեկվածությունը, կամ մեկ դոլար եք նվիրաբերում, յուրաքանչյուր աջակցություն կարեւոր է:
Եկեք այս դրամահավաքը դարձնենք պատմության մեջ ամենահաջողվածը»,- գրել է Քիմը: