Բելգիահայ երաժիշտը Կոմիտաս է նվագել ռմբակոծված Սուրբ Ղազանչեցոցում (տեսանյութ)

Բելգիահայ թավջութակահար Սևակ Ավանեսյանը նվագել է Շուշիի ռմբակոծված Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցում։ Այս մասին գրում է ռուսական «Կոմերսանտ» պարբերականը։ Վերջինիս թղթակիցը հիշեցնում է, որ տաճարը երկու անգամ ռմբակոծվել է հոկտեմբերի 8-ին, որի հետևանքով ծանր վիրավորվել է նաև ռուս լրագրող Յուրի Կոտենոկը։

«Ես գնացի այնտեղ՝ աշխարհին ասելու՝ չի կարելի կրակել եկեղեցիների վրա, դա պարզապես նորմալ չէ։ Եկեղեցում նվագել եմ մեր մեծ կոմպոզիտոր Կոմիտասի երաժշտությունը. նա Ցեղասպանության հետևանքով ստիպված էր լքել հայրենիքը: Դրանից հետո Կոմիտասը գրել է «Կռունկ» ստեղծագործությունը։ Յուրաքանչյուր հայ, ով ապրում է Հայաստանից դուրս, երկնքում կռունկ տեսնելիս հարցնում է նրան՝ ինչպե՞ս է այնտեղ հայրենիքը։ Ես էլ, ցավոք, Հայաստանում չեմ ապրում, և սա շատ նշանակալի երաժշտություն է ինձ համար»,- ասել է Ավանեսյանը:

Սևակ Ավանեսյանը մտադիր է գնալ նաև Շուշիի մզկիթ՝ այնտեղ պարսկական երաժշտություն կատարելու․ «Հայերը հարգում են ուրիշի դավանանքը, պահում են նրանց եկեղեցիները։ Մենք պաշտպանում ենք մզկիթները, ոչ թե ռմբակոծում դրանք»,- ասել է նա «Կոմերսանտի» թղթակցին։