Արա Մալիկյանն ու Հովիկ Կեուչկերյանը Մադրիդում մասնակցել են ադրբեջանա-թուրքական ագրեսիան դատապարտող քայլերթի

Արցախյան պատերազմի առաջին օրերից սփյուռքում ապրող մեր հայրենակիցները պարբերաբար խաղաղ ցույցեր են կազմակերպում` աշխարհին լսելի դարձնելու համար իրենց ձայնը: Իսպանիայում բնակվող հայերը ևս անմասն չեն մնացել և քայլերթ են կազմակերպել Մադրիդում` Արցախի դեմ ադրբեջանա-թուրքական ագրեսիան դատապարտող կոչերով: Քայլերթին մասնակցել են նաև աշխարհահռչակ ջութակահար Արա Մալիկյանն ու իսպանահայ դերասան Հովիկ Կեուչկերյանը:

Ջութակահար Արա Մալիկյանն իր զարմանքն է հայտնել` այդքան շատ հայ մեկ տեղում տեսնելու առթիվ: «Հուզիչ է այստեղ գտնվել ու այսքան հայրենակիցներ, այսքան ուժ և սեր տեսնել հայրենիքի հանդեպ: Այսքան հայի մի տեղում դեռ չէի տեսել, տեսնում եմ հիմա մեր ուժն ու գիտակցումը, որ հաղթելու ենք»,- նշել է նա:

Ցույցի ժամանակ Հովիկն էլ ասել է. «Ես Իսպանիայում եմ մեծացել, ուրախ եմ, որ հայրս հայ է, մայրս իսպանացի: Հայրս պատմում էր, որ Բեյրութում պատերազմը սկսվելուն պես մենք փախչել ենք այնտեղից: 100 տարի է անցել ցեղասպանությունից, մենք այլևս թույլ չենք տա, որ այն կրկնվի»:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Հովիկը տեսաուղերձ էր տարածել` կոչ անելով աշխարհին հեռացնել Էրդողան անունով քաղցկեղը, քանի դեռ այն չի տարածվել: Նա ընդգծել էր, որ Արցախի դեմ հարձակումն Էրդողանի և Ալիևի կողմից նոր ցեղասպանություն սկսելու հստակ փորձ է: